16.03.2018 14:29

Այսօր Հաց բերողի մահվան տարելիցն է

Այսօր Հաց բերողի մահվան տարելիցն է

Մեկ տարի առաջ այս օրը հիվանդանոցում մահացավ «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանը:

Սարգսյանը, հիշեցնենք, 2016-ի հուլիսին իր մեքենայով ճեղքելով ոստիկանների պատնեշը, մտել էր գրավված ՊՊԾ գունդ՝ հաց հասցնելու «Սասնա ծռեր» խմբի զինյալներին:

2016 թվականի հուլիսի 31-ին Արթուր Սարգսյանը կալանավորվեց եւ նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։

Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, եւ նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից:

2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց` փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով։

Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց. ավելի քան 25 օր տեւած հացադուլի հետեւանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ:

Մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց:

2017 թվականի մարտի 15-ին տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը կատարվել էր անհետաձգելի վիրահատություն:

Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Սարգսյանը հետվիրահատական բարդության հետևանքով 2017 թվականի մարտի 16-ին ժամը 15:40-ին՝ ազատության մեջ հայտնվելու 10-րդ օրը, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը տառապում էր Բեխտերեւի հիվանդությամբ: Այդ հիվանդությունը այն հիվանդությունների ցանկում է, որոնց առկայության դեպքում անձին անազատության մեջ չի կարելի պահել:

Ազատազրկման առաջին իսկ պահից նրա փաստաբանները բարձրաձայնել են Հաց Բերողի հիվանդության հանգամանքը, սակայն, իշխանությունները հրաժարվում էին նրան ազատ արձակել: Նա ազատ արձակվեց հյուծված վիճակում, այն էլ այն բանից հետո, երբ այլ ելք չունենալով նրա փաստաբանները դիմեցին ՄԻԵԴ:

Հետագայում, Սարգսյանի մահից հետո արդեն, իշխանությունների հրահրմամբ, փորձ արվեց Արթուր Սարգսյանի մահվան մեղքը իշխանությունների վրայից մաքրել եւ փաստաբանների վրա բարդել, ինչը, սակայն, նրանց այդպես էլ չհաջողվեց: