16.03.2018 15:43

Վահան Թումանյան. Ինչը ինչի հետ է համեմատվում

Վահան Թումանյան. Ինչը ինչի հետ է համեմատվում

Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Բաքվում Հայաստանի իշխանությունների համար, ամենայն հավանականությամբ, շատ անսպասելի էր: Դրանով է պայմանավորված պաշտոնական շրջանակների լռությունը: Մինչդեռ քառակողմ քննարկումների արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որտեղ տնտեսականից եւ կոմունիկացիոնից զատ՝ առաջնահերթ ընդգծված է քաղաքական համագործակցությունը: Մասնավորապես, շեշտադրված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքների շուրջ կողմերի կատարյալ համերաշխությունը:

Տարաշաշրջանային այս նոր ձեւաչափում Հայաստանի չներկայացվածությունն, իհարկե, իշխանությունները բացատրելու են Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշմամբ: Բայց փաստի սոսկական արձանագրումը վկայում է միայն, որ Հայաստանի իշխանությունը չունի քաղաքական կամք եւ նախաձեռնողականություն: Այլապես Հայաստանը նման իրավիճակում չէր հայտնվի:

Բայց այսպես դատում եւ գնահատում են լուրջ մարդիկ, իսկ իշխանամերձ քարոզչությունը տվյալ դեպքում «վախճանական տրամադրությունների առիթ» չի տեսնում եւ մանկամտական ոգեւորությամբ ձեւակերպում է, որ Բաքվի քառակողմ քննարկումներին զուգահեռ՝ Վաշինգտոնում ամերիկացի մի քանի կոնգրեսականի, փորձագետների հետ հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Այնպես որ՝ «խաղն ամենեւին պարզունակ եւ միագիծ չէ, հետեւաբար՝ տվյալ պարագայում ոչ միայն խոսք լինել չի կարող մեկուսացվածության մասին, այլ հակառակը՝ հնարավորությունների»: 

Ուզում է ասել՝ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն հնարավորություն է Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Այստեղ են ասել՝ ինչը ինչի հետ է համեմատում: Տարածաշրջանի չորս երկրներ հանդես են գալիս ինտեգրացիոն նոր նախաձեռնություններով, որոնք կարող են հավասարակշռվել միայն եւ միայն համարժեք ծրագրերով: Մասնավորապես՝ Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությամբ: Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն, իհարկե, նշանակալի իրադարձություն է, բայց միայն՝ Ղարաբաղի քաղաքական մեկուսացվածությունը հաղթահարելու փորձի իմաստով: Պետք է ցավով արձանագրել, որ Հայաստանի իշխանություններն այնքան են շփոթահար, որ Բակո Սահակյանի ամերիկյան աշխատանքային ուղեւորությանը ենթակա լրատվամիջոցների օգնությամբ տալիս են աշխարհաքաղաքական մեծ կարեւորություն, որպեսզի հասարակական համապատասխան տրամադրություններ ձեւավորեն մոտավորապես հետեւյալ սխեմայով. «Մեզ ի՞նչ, թե Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը եւ Իրանը ինտեգրացիոն ծրագրեր են մշակում, կարեւորը, որ Ղարաբաղի նախագահին Վաշինգտոնում ընդունում են»:

Միայն նժդեհափանջունիական իշխանությունն է ընդունակ մեծ քաղաքականությունն իջեցնել կենցաղային մակարդակի, նոր աշխարհակարգի զարգացումներից հեռու մնալ եւ ինքնաբավարարվել Սփյուռքի հետ շփումներով կամ, որ ավելի ցավալի է, դրանք ներկայացնել իբրեւ արտաքին քաղաքական ձեռքբերումներ: Բոլոր տեսակի դժվարությունները հաղթահարելի են, մարտահրավերները սպառնալիքից կարելի է վերափոխել հնարավորությունների, եթե երկիրն ունենա լիարժեք իշխանություն: Հայաստանի սպառնալիքները ոչ այնքան արտաքին են, որքան որ գալիս են ներսից, անհամարժեք իշխանությունից եւ նրան սպասարկու քարոզչությունից: Եթե էլիտան փոխվի, Հայաստանի համար կբացվի խաղաղության եւ առաջընթացի ճանապարհ: