17.03.2018 15:40

Առաքել Թավրիզյան. Ոչ ոք ճշմարտության վերջին ատյան չէ, բայց...

Առաքել Թավրիզյան. Ոչ ոք ճշմարտության վերջին ատյան չէ, բայց...

Գրող-հրապարակախոս Արծրուն Պեպանյանը եւ մեկնաբան Հակոբ Բադալյանը երեկ խոսում էին Հայաստանի վիճակից, փորձում հեռանկար մատնանշել: Բավական ծավալուն երկխոսություն էր, բայց՝ գրեթե ոչինչ չասող, որովհետեւ նրանք անընդհատ շրջանցում էին հիմնական՝ պատերազմ, թե խաղաղություն, խնդիրը: Այդպես գրեթե բոլորն են խուսափում-խուսանավում: Մինչդեռ նույնիսկ իշխող կուսակցությունից Գալուստ Սահակյանն է խոստովանում, որ Հայաստանը եվրոպական երկիր կարող է դառնալ միայն ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո:

Ստացվում է, որ քաղաքական ուժերը, փորձագետները, վերլուծաբանները, մտավորականությունը, հասարակության քաղաքակրթված մասն առհասարակ պետք է մի մտահոգություն ունենա՝ ինչպե՞ս լուծել ԼՂ խնդիրը, հաստատել խաղաղություն, բացել հաղորդակցությունները, Հայաստանը եւ Արցախը ներգրավել տարածաշրջանի տնտեսա-կոմունիկացիոն նախագծերին, լիբերալացնել ներքին կյանքը, հաստատել օրենքի գերակայություն եւ սոցիալական արդարություն, կանգնեցնել արտագաղթը եւ կազմակերպել մեծ հայրենադարձություն: Մնացած բոլոր խնդիրներն ածանցյալ են:

Պատերազմի սպառնալիքը թոթափած եւ սոցիալ-տնտեսական զարգացման իրական ճանապարհ բռնած երկրում հնարավոր չէ ընտրություններ կեղծել, հաստատել անձի կամ մեկ կուսակցության իշխանություն: Տեսական դատողություններ, պատմա-հասարակագիտական երկարաշունչ էքսկուրսներ կատարելու, այլոց օրինակը վկայակոչելու անհրաժեշտություն չկա: Այդ դիսկուրսը կեղծ օրակարգ պարտադրելու տպավորություն է թողնում, երբ հիմնական, առանցքային խնդիրը մատնվում է մոռացության, փոխարենը հասարակության գլխին են բարդվում ամենաէկզոտիկ մտավարժանքներ եւ երեւակայական նախագծեր: Մի բան, որ դառնում է ավանդույթ, եւ տեղից վերկենողը ձեռքը կարող է ծոցագրպանը տանել, թե՝ «ահա՛, գրած ունեմ ազգային համերաշխության ծրագիր, եթե իշխանությունը գործունեության հիմք ընդունի դա, ապա Հայաստանը կարճ ժամանակահատվածում կվերածվի տարածաշրջանային տերության»: Նման պոռթկումներն ուշադրության իսկ արժանի չեն: Հայաստանը չի ունեցել, չունի եւ չի ունենալու «գերտերության» մարդկային, նյութական, զուտ ֆիզիկական-աշխարհագրական ռեսուրսներ: Հայաստանը կարող է դառնալ միջին եվրոպական մակարդակի պետություն:

Տեսանելի ապագայում սա միակ իրատեսական հեռանկարն է: Եթե, իհարկե, հաջողվի արժանապատվորեն լուծել ղարաբաղյան հարցը, հաստատել խաղաղություն, բոլոր հարեւանների հետ հաստատել պրագմատիկ-բարիդրացիական հարաբերություններ:

Զարգացման, առաջընթացի, եթե ուզում եք՝ ազգային զարթոնքի եւ միասնության, մեծ հայրենադարձության այլ ճանապարհ եւ ընտրություն չկա: Զուտ ցնորամտություն է հուսալ, թե ազգային արդյունքի առյուծի բաժինը ռազմական եւ ներքին ապահովության նպատակներով ծախսող, «ազգ-բանակ» կոնցեպցիայով առաջնորդվող, չորս հարեւաններից երկուսի հետ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում հնարավոր է ե՛ւ արտաքին սպառնալիքները դիմագրավել՝ պանծացնելով ուժը եւ հրացանավոր մարդուն, ե՛ւ միաժամանակ ապահովել դեմոկրատական ազատություններ, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դառնալ այնքան կատարյալ եւ գրավիչ, որպեսզի ոչ միայն արտագաղթը կասեցվի, այլեւ սկսվի հայրենադարձություն: Պատրանքների պետք չէ տրվել, մարդուն տրված է մի կյանք, եւ նա ուզում է ապրել այնտեղ, որտեղ իրեն ավելի լավ է զգում, որտեղ իր զավակի ապագան անվտանգ է, որտեղ չկա հանապազօրյա հացի խնդիր, որտեղ ոստիկանն իրեն չի կոպտում, հարկային տեսուչը չի շորթում, եւ պաշտոնյաները ցինիկ չեն: Իսկ համակարգային արատների բուն պատճառը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» երկվությունն է, որ սնուցում է կեղծ հայրենասիրություն, այդ շղարշի տակ՝ բռնություն եւ բռիություն, կոռուպցիա, «ընտրյալների» գերհղփացում եւ հազարավորների ծայրահեղ աղքատացում: Միայն այդ իրավիճակում է, որ իշխանությունը մոդելավորվել է բրգաձեւ, քաղաքական դաշտը եւ տնտեսությունը՝ քվոտավորվել մինչեւ պատգամավորական վերջին մանդատը եւ բանանի կամ շաքարավազի ներկրումը, որովհետեւ բոլորի եւ ամեն ինչի վրա թեւածում է «հայրենյաց պաշտպանի» ուռճացված առասպելը: Այնքան, որ ձեւավորվել է սկզբունք, թե «հայրենիքը մենք ենք, եթե մենք իշխանություն չլինենք, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կկործանվեն»:

Այս ուզուրպացիան է, որ արգելափակել է խաղաղության ճանապարհը: Իսկ հասարակությունը, ցավոք, տրվում է «մեծ, հաղթական, հզոր Հայրենիքի» գայթակղությանը եւ շարունակում կրել իր խաչը: Ավելի բանիմացները, ճարպիկները եւ հեռատեսները վաղուց Հայաստանում չեն: Նաեւ քաշում-տանում են հարազատներին, բարեկամներին, մտերիմներին, ծանոթներին: Մնացել են Հայաստանից ոչ մի գնով չհեռանալու հաստատակամությունը դեռեւս չկորցրածները, որոնց թիվն աստիճանաբար կրճատվում է, եւ օլիգարխիան, պետական չինովնիկությունը, նրանց շահերն սպասարկող մտավորականությունն ու մարդկային մի զանգված, որի համար 10 000 դրամ ընտրակաշառք ստանալը հինգ տարին մեկ վերածվում է կարճատեւ տոնախմբության, ինչին հետեւում է տեւական ֆրուստրացիան: Միակ հնարավորությունն այդ զանգվածի մեջ առ խաղաղություն զգացմունք արթնացնելն ու որպես քաղաքական պահանջ ձեւակերպելն է: Ոչ ոք ճշմարտության վերջին ատյան չէ, բայց կան անշրջանցելի իրողություններ: Հայաստանի գերխնդիրը եղել եւ մնում է պատերազմի կամ խաղաղության ընտրությունը: