18.03.2018 00:00

Գեւորգ Նալբանդյան. Հայաստանի առաջնային քաղաքական օրակարգը

Գեւորգ Նալբանդյան. Հայաստանի առաջնային քաղաքական օրակարգը

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան-Իրան՝ արտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է քառակողմ Հռչակագիր: Սա վկայում է, որ ֆորմալ միջոցառմանը նախորդել է դիվանագիտական տքնաջան աշխատանք, որի ընթացքում համաձայնեցվել են ընդունելիք փաստաթղթի ամենավերջին մանրամասնությունները: Հռչակագրի բովանդակությունը չի հրապարակվել: Միայն նշվում է, որ վերջինս վերաբերում է «տարածաշրջանային համագործակցությանը»: Հայաստանը նույնպես տարածաշրջանային երկիր է, բայց ոչ միայն չի մասնակցում այդ ձեւաչափին, այլեւ չի կարողանում ստեղծել այլընտրանք: Թեկուզեւ՝ Վրաստանի եւ Իրանի հետ համագործակցության ձեւով:

Եւ մինչ երկրի առջեւ ծառանում են շատ լուրջ մարտահրավերներ,  ավելի ու ավելի է սրվում պատերազմի ու խաղաղության, շարունակական անկման եւ հնարավոր զարթոնքի միջեւ ընտրության խնդիրը: Նույնիսկ իշխանությունն է արդեն խոստովանում, որ Հայաստանը կարող է զարգացման հեռանկար ունենալ, եթե լուծվի Ղարաբաղի հարցը: Հետեւաբար, հենց այդ հարցն է Հայաստանի առաջնային քաղաքական օրակարգը: Մնացած ամեն ինչը կարող է վերածվել թատերականացված խաղի՝ ակամա նպաստելով, որ իշխանությունը Ղարաբաղի հարցում որեւէ նախաձեռնություն չցուցաբերի: Ինչ-որ պահի մենք կարող ենք հայտնվել մի վիճակում, որտեղից ելման դիրք վերադարձի հնարավորություն կարող է այլեւս չլինել:

Ինչքան էլ դեգրադացված, Հայաստանում դեռեւս կան իրական օրակարգի շուրջը համախմբվելու եւ իշխանություններին հանրային պահանջներ ներկայացնելու ռեսուրսներ: Եթե դրանք խելամտորեն չօգտագործվեն, եթե Ղարաբաղի ստատուս քվոյի պահպանման ապոլոգետները շարունակեն կեղծ դիսկուրսով մոլորեցնել հասարակությանը, որպեսզի քողարկեն իշխանության արտաքին քաղաքական ձախողումները, ապա Հայաստանը, ինչպես երկու տասնամյակ առաջ դիպուկ կանխազգացել է Վանո Սիրադեղյանը, կվերածվի մեծ ճանապարհին ընկած խոչընդոտ-քարի, որին խփում-գլորում են եւ ճամփան ազատում: