18.03.2018 09:00

Պոչետինո. Ավելի լավ է մրցավարները սխալվեն, քան օգտագործեն տեսակրկնությունների համակարգը

Պոչետինո. Ավելի լավ է մրցավարները սխալվեն, քան օգտագործեն տեսակրկնությունների համակարգը

«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դեմ է տեսակրկնությունների համակարգին (VAR), որի միջոցով մրցավարները կարողանում են դիտել դրվագի կրկնապատկերն ու ավելի ճիշտ որոշում կայացնել:

Համակարգն օգտագործվել է «Սուոնսի»-ի դեմ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի խաղում (3:0): Հանդիպման 23-րդ րոպեին մրցավարները տեսակրկնության համակարգի շնորհիվ չեղարկել են «խթաններ»-ի կիսապաշտպան Հին Մին Սոնի խփած գոլը, քանի որ հարավկորեացին գտնվում էր խաղից դուրս իրավիճակում:

«Դա մղձավանջ է: Ցավում եմ, որ մարդիկ փորձում են օգտագործել այս համակարգը: Ավելի լավ է մրցավարն ու իր օգնականները սխալներ թույլ տան, քան 3-4 րոպե սպասենք, մինչև նրանք կդիտեն դրվագը: Պետք է տեսնենք, թե ինչպես է տեսակրկնությունների համակարգն անդրադառնում մրցավարների աշխատանքի վրա:

Ամենատարօրինակն ինձ համար դա ազդեցությունն է երկրպագուների վրա: Խաղը մի քանի րոպեով դադարում է: Դա կարող է մեծ խնդիր դառնալ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա աշխարհի առաջնության ժամանակ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: