18.03.2018 14:00

«Բարսելոնա» – «Ատլետիկ». Խաղից առաջ

«Բարսելոնա» – «Ատլետիկ».  Խաղից առաջ

Բիլբաոյում անցկացրած հանդիպումներում «Բարսելոնային» հաղթանակներն այնքան էլ հեշտ չեն տրվում, իսկ ահա «Կամպ Նոու»-ում «կապտանռնագույնները» ոչ մի խնդիր չեն ունենում «Ատլետիկ»-ի հետ խաղերում: Հավանաբար, այդպես կլինի նաև այս անգամ: «Բարսելոնան» շարունակում է վստահ քայլերով առաջ գնալ դեպի տիտղոսները: Իսպանիայի գավաթի եզրափակիչ փուլ կատալոնացիները դուրս են եկել արդեն փետրվարի սկզբին, իսկ ահա մեկ ամիս անց հնարավորություն կունենան նվաճելու երեք ցանկալի տիտղոսներից առաջինը. ապրիլի 21-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում Էրնեստո Վալվերդեի թիմը կհանդիպի «Սևիլիային»: Եվս մեկ ամիս անց, ստանալով Լա լիգայի հաղթողի տիտղոսը, կատալոնացիները կհամալրեն իրենց չեմպիոնական մեդալները:  Այո, այն, որ «Բարսելոնան» կհաղթի Իսպանիայի առաջնությունում, գրեթե ոչ ոք չի կասկածում:

Այս մրցաշարի ավարտից 10 տուր առաջ, «կապտանռնագույնները» իրենց ամենամոտ հակառակորդից՝ «Ատլետիկոյից» առաջ են անցել 8 միավորով: Իսկ ահա այս տարվա 3-րդ տիտղոսի՝ Չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարում չորեքշաբթի օրը «Բարսելոնան» վստահ հաղթանակ տարավ Լոնդոնի «Չելսիի» հետ խաղում: Ճիշտ է, կատալոնացիներն իրենց բնորոշ փայլուն խաղը չցուցադրեցին անգլիացիների հետ պայքարում, այնուհանդերձ, կարևորը ֆուտբոլում գրանցած հաղթական արդյունքն է:  Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը շարունակում է բոլորի համար մնալ «ահ ու սարսափ» տարածող բարձրակարգ ակումբ, որտեղ խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:  Անշուշտ, «Ատլետիկ»-ի համար շատ դժվար կլինի 3 միավոր վաստակել «Կամպ Նոու»-ում: Կողմերի միջև կայացած վերջին 8 խաղում թիմը կրել է 8 պարտություն` խփելով ընդամենը 2 գոլ: Բիլբաոյի թիմը վերջին անգամ «Բարսելոնայի» դաշտում հաղթանակ է տարել 2001 թվականին:

Վալվերդեի հեռանալուց հետո «Ատլետիկը» ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ և իր երկրպագուներին հիասթափության բազմաթիվ պահեր է պարգևել: «Առյուծների» հարձակման գիծն իր արդյունավետությամբ աչքի չի ընկնում. խփել է 29 գոլ և բաց թողել 31-ը: Ասվածից  կարելի է եզրակացնել, որ  թիկունքում նույնպես անթերի չեն գործում: Այս պահին բասկերը 35 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 12-րդ հորզոնականը: Ավելին, «Ատլետիկը» հինգշաբթի օրը կրկին պարտվեց Մարսելի «Օլիմպիկին» և դուրս մնաց Եվրոպայի լիգայի խաղարկությունից: Անշուշտ, գլխավոր մարզիչ Խոսե Անխել Սիգանդան ամեն ինչ անում է իրավիճակը շտկելու համար, սակայն առայժմ արդյունքն այնքան էլ տեսանելի չէ:

Հաշվետու մրցավեճում «Բարսելոնային» չի կարող օգնել Լուիս Սուարեսը, սակայն դա չպետք է խանգարի կատալոնական ակումբին: «Ատլետիկը» պարտվել է արտագնա վերջին երեք խաղում՝ նույն 2:0 հաշվով: Հավանաբար, այդպես կլինի նաև այս անգամ: