19.03.2018 14:24

Լիզա Ճաղարյան. Մի քիչ փող ղրգեք Զարուհուն, մեդալներն էլ հետը

Լիզա Ճաղարյան. Մի քիչ փող ղրգեք Զարուհուն, մեդալներն էլ հետը

Եթե ՀՀԿ ղեկավարը «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարին շքանշան չշնորհի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի վերանվանման առաջարկի համար, ուրեմն՝ հանրապետականներից դենն ուտող-ուրացողներ դժվար է գտնել։

Զարուհի Փոստանջյանն իր այս առաջարկով անհնարինն ակնհայտ դարձրեց։ Տիկին Զարուհին՝ մեր ժամանակների ամենաարդարամիտ, ամենախիզախ, ամենաանձնազոհ, կարճ ասած՝ ամենաամենան, Երեւանում Վուդրո Վիլսոնի անվան փողոց էր ուզում տեսնել, եւ հարյուրավոր վերանվանման արժանի փողոցների կողքով անցել ու մատը դրել է Հայաստանի հաղթած բանակի կազմավորման ակունքներում կանգնած (ավելին չասեմ) Վազգեն Սարգսյանի անվան փողոցի վրա։

Տիկինը... Չէ՛, տիկնանց տիկինը հիանալի հաշվարկ էր արել։ Ինքը գիտեր, որ Հայաստանում անպայման ծափահարողներ կունենա իր այս առաջարկով։ Օրինակ՝ ՊԱԿ-ի բանտում Զարուհուն կծափահարի Հոկտեմբերի 27-ի «նարկոման-ռոմանտիկը»։ Կծափահարեն մինչ օրս այդ «ռոմանտիկ» վարձու մարդասպանի կենացը խմող թափթփուկները։ Կծափահարեն այս «նարկոման-ռոմանտիկին» վարձողները, քաջալերողները եւ Ազգային ժողովի նիստերի դահլիճ ուղղորդողները։

Եվ այսքան արդարամիտ, այսքան խիզախ, այսքան անձնազոհ տիկին Զառան, քանի որ համայն հայությունից խելացի է ու իմաստուն եւ միայն ինքը գիտի՝ ինչպես ճահճից հանել Հայաստանը, դժվար թե չգիտակցեր, որ իր այս զառանցաէժանագին առաջարկով ոչ միայն արժանանում է վերոթվարկյալ խաժամուժի ծափահարություններին, այլեւ միաժամանակ կանաչ գորգ է փռում ավագանու հանրապետական անդամների «ամպոտ» ոտքերի առջեւ, որ սրանք «փայլեն» իրենց անսահման հայրենասիրությամբ, վսեմ բարոյախոսությամբ, վեհ կեցվածքով,  ազգային արժեքների գնահատման գործում իրենց անուրանալի ծառայությունների մասին թմբկահարմամբ, ճռճռան բառակույտեր օդ ցփնմամբ, մի կուշտ ամոթանք տան «ընդդիմության» այս կարկառուն ներկայացուցիչ տիկնոջը։ Եվ ամենակարեւորը. տիկին Զարուհին հաջողեց, կրկնեմ, անհնարինն ակնհայտ դարձնել։ Որքան էլ հանրապետականների ելույթները զավեշտալի էին, Զարուհուն հաջողվեց ստեղծել մի իրավիճակ, որ այս նույն հանրապետականներին երդվյալ ընդդիմադիր հատվածը հիվանդ ուղեղի արգասիք այս առաջարկի դեմ ելույթ ունեցող ավագանու հանրապետական թեւի համախոհը դառնա։

Այն էլ՝ երկու ձեռքով։

Չէ, Խորենացու կամ Մաշտոցի շքանշանն էլ է քիչ տիկին Զարուհուն։ Այս տիկնանց տիկնոջը պետք է նաեւ հերոսի կոչում տալ հենց միայն այն բանի համար, որ նույնիսկ ի՛նձ ստիպեց լսել՝ հերիք չէ, այլեւ մինչեւ վե՛րջ լսել «էրեւանցի» Լեւոն Իգիթյանի ինքնաձոնը, ստիպեց, որ լսելիս թեկուզ սիրտս խառնի այս «մտավորական» պարոնի՝ «էրեւանցի պպզողի» մակարդակի բարբաջանքից, բայցեւ գոհունակությամբ ասեմ. «Տե՛ղն է քեզ, տիկին Զարուհի, դեռ մի բան էլ՝ քիչ էր»։

Զարուհին հասավ նաեւ այն բանին, որ ավագանու նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը «վեր հառնեց»  նրբավարության եւ համբերատարության լույսի ներքո։ Մի մեդալ էլ սրա համար է հասնում Փոստանջյան Զարուհուն։

Եվ առհասարակ, «էրեւանցու» ժամանակակից լեզվով ասած՝ Զարուհուն հասնու՛մ է։

Որովհետեւ այս տիկինն իր տենդահարված երեւակայության բարձունքներում մի հսկա պատվանդան է «կառուցել»՝ համայն հայությանը տեսանելի «բոյ-բուսաթով», որի վրա միայն ինքն իրեն է տեսնում, ու դեպի այդ պատվանդանն է գլորվում՝ կոխկռճելով իշխանավորին էլ, ընդդիմադիրին էլ, հերոսին էլ, զոհին էլ, դահճին էլ։ Եվ նույնիսկ՝ քաղաքական բանտարկյալների իրավունքների պաշտպան, իշխանական մանկլավիկների հարվածի տակ հայտնված փաստաբաններին։

Փանջունին հարություն է առել Զարուհու կերպարանքով։

Մի քիչ փող ղրգեք Զարուհուն։

Մեդալները չմոռանաք։