19.03.2018 16:33

Վահան Թումանյան. Շավարշի զայրույթը

Վահան Թումանյան. Շավարշի զայրույթը

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից լրագրողը հետաքրքրվել է՝ կա՞ Ղարաբաղի շուրջ հինգ շրջանները վերադարձնելու պայմանավորվածություն՝ ինչպես օրերս մամուլում հայտարարել է ռուս քաղաքագետ Դուգինը: «Հերիք ա Ադրբեջանի ցանկությունները տիրաժավորեք, բազմիցս ասվել է, որ նման բան չկա, բայց երբ մեզ մոտ են դրա մասին մատի փաթաթան դարձնում, դա ինձ համար անընդունելի է»:

Սա պատասխա՞ն է: Ավելին, փոխարտգործնախարարի կարգավիճակին հարի՞ր պատասխան է: Ասվածն ավելի շատ կենցաղային խոսակցության տպավորություն է թողնում: Կածես խոսողը ոչ թե դիվանագետ, այլ անհատական տաքսու վարորդ է, որ ուղեւորի հետ վիճում է: Սա վկայում է, որ Շավարշ Քոչարյանը Ղարաբաղի բանակցությունների մանրամասնություններին ոչ միայն չի տիրապետում, այլեւ տասը տարի զբաղեցնելով փոխարտգործնախարարի պաշտոնը՝ չի վարժվել պաշտոնական էթիկետին, չի յուրացրել դիվանագիտական լեզվի նույնիսկ այբուբենը:

Նրանից ընդամենը փորձել են պարզել՝ ռուս քաղաքագետի ասածը որքանո՞վ իրականության հետ կապ ունի: Եւ եթե կա հասարակության մտահոգությունը ցրելու կարիք կամ պետական ցուցում, ապա դա միանգամայն հնարավոր էր անել հարկավոր ձեւակերպումներով: Շավարշ Քոչարյանի էքսպանսիվ հայտարարությունը, մինչդեռ, լրիվ հակառակ տպավորությունն է թողնում եւ անուղղակիորեն վկայում, որ, այո, ինչ-որ հարցերի շուրջ հայ-ադրբեջանական ինչ-որ պայմանավորվածություններ կան, որոնց մասին իշխանությունն առայժմ գերադասում է չբարձրաձայնել: Բայց այդ դեպքում իշխանությունը պետք է գտնի մի ավելի գրագետ եւ հավասարակշռված դիվանագետի, որ կկարողանա մինչեւ վերջ լսել իրեն ուղղված հարցը եւ կտա քիչ թե շատ արժանահավատ պատասխան: