20.03.2018 12:08

Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման

Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման:

«Ազատության» փոխանցմամբ, դատավորն ամբողջությամբ ապացուցված համարեց, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Մեղադրանքում նշվում է, որ Սեֆիլյանն իր կամքից անկախ ավարտին չի հասցրել հանցավոր մտադրությունները:

Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա, Սասունիկ Կիրակոսյանը եւ Ներսես Պողոսյանը 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը եւ Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:

Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման պատժի արժանացավ մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը: Նա միակն է, որ դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել եւ փաստորեն ընդամենը երկու ամսից ազատ կարձակվի: