20.03.2018 16:40

Լիզա Ճաղարյան. Հերթով-շարքով բանտարկեք, ուրիշ ելք չունեք

Լիզա Ճաղարյան. Հերթով-շարքով բանտարկեք, ուրիշ ելք չունեք

Եթե դատաիրավական ձեւակերպումները «թարգմանենք» ժողովրդի լեզվով, ահա թե ինչ կստացվի. Ժիրայր Սեֆիլյանին 10 ու կես տարով ազատազրկեցին, որովհետեւ դատապարտյալը մտքին դրել էր զինված ապստամբություն հրահրել եւ զենքի ուժով ազատվել ներկա հանրապետական իշխանությունից, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվել։

Դա լավ է, թե վատ, ցավալի է, թե ուրախալի, կատակերգություն է, թե ողբերգություն՝ յուրաքանչյուրը թող գնահատի իր որդեգրած չափանիշներով, բայց մի բան հաստատ է՝ այս տրամաբանությամբ պետք է տասը եւ ավելի տարով ազատազրկել Հայաստանի բնակչության առնվազն կեսին (քիչ եմ ասում), որովհետեւ ահա այս Հայաստանի բնակչության առնվազն կեսը (էլի քիչ եմ ասում) առավոտյան աչքը բացում է «հրաշքի» սպասումով եւ գիշերը քնում է էլի՛ սպասումով, որ առավոտյան արշալույսին աչքը կբացի ու կլսի «հրաշքի» մասին։

Հրաշքն էլ, հո գաղտնիք չէ՞, էն է, որ մի սարսափելի, անբուժելի չոռուցավ կպչի ներկա իշխանությանը՝ իր ղեկավարի գլխավորությամբ կամ երկնքից մի մեծ քար ընկնի գլխներին, եւ դրանք վերանան աշխարհիս երեսից։

Ինչու՞ է Հայաստանի բարի ու խաղաղասեր քաղաքացիների կեսը (շատ քիչ եմ ասում) այսպիսի ծայրահեղ ցանկություններով փոթոթվում։ Որովհետեւ ներկա իշխանությունից եւ նրա ղեկավարից ազատվելու այլ տարբերակ չի տեսնում այդ քաղաքացիների առնվազն կեսը (շա՜տ-շատ քիչ եմ ասում)։ Իսկ որ ուզում են, ավելի ճիշտ՝ տենչում են ազատվել սրանցից՝ առանց միջոցների մեջ խտրություն դնելու, դրա մասին չգիտի միայն ընտրողների քվեների թիվը բարձի տակ պահող Շարմազանով Էդիկը։

Իսկ հիմա, երբ այլեւս կասկած չկա, որ հանրապետականների ղեկավարը որոշել է «հավելվել», ահա այդ առնվազն կեսին (էս ինչքան քիչ եմ ասում) եւս մի կես կավելանա, որովհետեւ արդեն հրաշքի ակնկալիքն էլ է նվազագույնի հասնում։

Ու մնում է կամ չոռուցավը, կամ՝ դատավորի հայտարարած էն չիրականացած ցանկությունը, որի համար 10 ու կես տարով ազատազրկվեց Ժիրայր Սեֆիլյանը։

Սրանք Հայաստանի բնակչության առնվազն կեսի (չափն անցած քիչ եմ ասում) երազանքներն են։

Իսկ երազանքները հրաշքի պես չեն, երբեմն կատարվում են։

Մանավանդ այն իրավիճակներում, երբ «հավելվողները» զավթած իշխանությունը հանձնելու մտադրության նշաններ ցույց չեն տալիս, հակառակը՝ մագիլներն ավելի խոր են խրում Հայաստանի հյուծված մարմնի մեջ։

Ես Հայաստանի բնակչության էն մյուս կեսից եմ (շատ եմ ասում), որը զինված ապստամբությանը դեմ է, չոռուցավի փոխարեն էլ ուզում է հանցագործ իշխանությանը տեսնել ճաղերի հետեւում՝ ողջ ու առողջ։

Բայց այս իշխանությունը չափուսահմանն անցած «հավելյալ» է եւ ամեն ինչ անում է, որ կատարվի ոչ թե իմ ու Հայաստանի բնակչության մյուս կեսի (շա՜տ-շատ եմ ասում) ցանկությունը, այլ՝ է՛ն մյուս կեսի (անտանելի՛ քիչ եմ ասում) ցանկությունը։

Ինչ եմ ուզում ասել։

Ուզում եմ ասել՝ «հավելյալներով» հավաքվեք ու Հայաստանի բոլոր քաղաքացիների տների լուսամուտներին ու դռներին ճաղեր քաշեք եւ դրսից կողպեք դրեք-փակեք, որ ոչ միայն Շարմազանով Էդիկը հանգիստ խռմփացնի՝ քվեները ծոցին, այլեւ դուք էլ մեկ-մեկ աչք կպցնեք։

Մինչեւ... եթե բախտներդ բերի՝ ճաղերի հետեւում հայտնվելը։