22.03.2018 16:48

Գեւորգ Նալբանդյան. Առաջ դեպի փակուղի՞

Գեւորգ Նալբանդյան. Առաջ դեպի փակուղի՞

Մամուլի հրապարակումների համադրումից կարելի է պատկերացում կազմել, թե արդիականացման ինչ ծրագիր է մշակվել բանակի համար: Ռազմատեխնիկական բնութագիր տալը ոլորտի մասնագետների խնդիրն է: Ավելի հետաքրքրական է քաղաքական բաղադրիչը: Որքանով կարելի է հասկանալ, բանակի արդիականացման ծրագրի հիմքում դրված են մռայլ կանխատեսումներ՝ տարածաշրջանում լարվածության հետագա աճ, Ղարաբաղի խնդրի չկարգավորվածություն, Թուրքիայի հետ փակ սահմաններ եւ կոմունիկացիոն մեկուսացում:

Այս պայմաններում ի՞նչ խոսք կարող է լինել որեւէ եւ հատկապես ռազմատեխնիկական բնագավառում արդիականացման եւ «կիբերպատերազմի նախապատրաստման» մասին: Ավելի ճիշտ՝ ինչու՞ է դրվում բանակի արդիականացման խնդիր: Ըստ մամուլի, զինված ուժերի առջեւ դրվում է ոչ թե պատերազմելու, այլ պատերազմը կանխելու խնդիր: Ասել է թե՝ զինվենք, արդիականանանք, որպեսզի զսպենք պատերազմ սկսելու Ադրբեջանի հավակնությունները: Բայց չէ՞ որ նույնանման ծրագիր էլ Ադրբեջանը կարող է մշակել: Ստացվում է, որ խոսքը վերաբերում է սպառազինությունների մրցավազքին, պատերազմի միջոցների եւ ձեւերի արդիականացմանը:

Դա մի ճանապարհ է, որը տանում է փակուղի, որովհետեւ մրցավազքի շարունակականությունը պահանջում է ավելի ու ավելի մեծ ռեսուրսներ: Իսկ դրանք հնարավոր է ունենալ միայն մի դեպքում՝ երբ վերացած կլինի Հայաստանի շրջափակումը: Թերեւս, դրա համար է շեշտվում հայ-ռուսական ռազմական համագործակցության կարեւորությունը ե՛ւ երկկողմ, ե՛ւ ՀԱՊԿ ձեւաչափում: Այսպիսով պարզ է դառնում, որ իշխանությունը Հայաստանի համար ազատ եւ խաղաղ զարգացման ոչ մի հեռանկար չի տեսնում: Ոչ էլ տեսնելու եւ կանխանշելու ցանկություն ունի: Ուստի «առա՜ջ, Հայաստան» կարգախոսը կարելի է համարել փոխակերպված «առա՜ջ դեպի փակուղի»:

Համենայն դեպս, գալիք յոթ տարիներին իշխանությունը չի խոստանում ոչ Ղարաբաղի հարցի լուծում, ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Խոսվում է ինչ-որ վերացական բարեփոխումների, դրանց թվում՝ ժողովրդագրական իրավիճակի մասին: Բայց էությամբ դա արտագաղթը խթանող ծրագիր է լինելու, որովհետեւ մարդիկ չեն ուզում ապրել պատերազմի վերսկսման վտանգի եւ ռազմա-ամբոխավարական քարոզչության պայմաններում: Նրանց պետք է խաղաղ կյանք: