22.09.2012 15:47

Ալիևը երազում է ծածանել ադրբեջանական դրոշը Շուշիում և Ստեփանակերտում

Ալիևը երազում է ծածանել ադրբեջանական դրոշը Շուշիում և Ստեփանակերտում

Ադրբեջանական դիվանագիտական առաքելությունների ղեկավարների 4-րդ խորհրդակցության ժամանակ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի Հանրապետության սոցիալ- տնտեսական վիճակի մասին՝ կապելով այն Ղարաբաղյան խնդրի լուծման հետ:

Ըստ Ալիևի՝ պետության հեղինակությունը և հնարավորությունները հիմնականում կախված են նրա բնակչության քանակից, գրում է 1news.az-ը:

«Յուրաքանչյուր տարի Հայաստանը լքում է 100 հազարից ավելի մարդ: Եթե արտասահմանի օգնությունը և սփյուռքի նվիրատվությունները չլինեն, Հայաստանի տնտեսությունը ամբողջովին կփլուզվի»,- ասել է Ալիևը և հավելել, որ այսօր Հայաստանի համեմատ՝ Ադրբեջանի տնտեսությունը զգալի աճ է ապրել: Նրա խոսքերով՝ միայն ռազմական կարիքների վրա Ադրբեջանն այսօր Հայաստանի ողջ բյուջեի կրկնակին է ծախսում: «Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ Հայաստանը միանա որևէ քաղաքական, տնտեսական, էներգետիկ կամ ճանապարհային ծրագրի (տարածաշրջանում): Մենք մեկուսացրել ենք նրանց և չենք ժխտում դա: Ապագայում մենք մտադիր ենք շարունակել մեկուսացման քաղաքականությունը»: Ըստ Ալիևի՝ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ Հայաստանն ընտրության հնարավորություն չի ունենա:

«Համոզված եմ, որ մենք կվերականգնենք մեր ինքնավարությունը, և կգա այն օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Շուշիում և Խանքենդիում»,- իր ելույթը եզրափակել է Իլհամ Ալիևը: