30.03.2018 12:16

Վրաստանի վարչապետը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

Վրաստանի վարչապետը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հերքել է լրատվամիջոցների տարածած լուրը իր հավանական հրաժարականի մասին  և հայտարարել, որ դեռ մի քանի տարի մտադիր չէ հեռանալ կառավարության ղեկավարի պաշտոնից:

Ավելի վաղ «Ռուսթավի 2» հեռուստատեսությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր Կվիրիկաշվիլիի հավանական հրաժարականի մասին: Այդ թեման սկսել էր ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ վարչապետը Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված բաց նամակ էր գրել՝ կոչ անելով կարգավորել երկկողմ հարաբերությունները: Հեռուստատեսության տվյալներով՝ Կվիրիկաշվիլիի այդ դիրքորոշումն իր թիմում ոչ բոլորն են պաշտպանում:

«Այն մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում, ովքեր ագռավների պես շրջապատում են կառավարության տասնմեկերորդ հարկը ու թայմեր են դնում վարչապետ Կվիրիկաշվիլիի հրաժարականի վրա, ուզում եմ նրանց հավաստիացնել, որ այդ թայմերն առնվազն մի քանի տարի չի զնգա, այնպես որ՝ թող քնեն-հանգստանան,  քանի դեռ Վրաստանն առաջ է շարժվում»,- ասել է վարչապետը ճեպազրույցի ընթացքում:

Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008 թ. օգոստոսին, ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն 2012 թ. իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքը արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկն էր համարում հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի հետ: Նույն քաղաքական ուժը հաղթել է 2016 թ. խորհրդարանական ընտրություններում:

Փոխանցում է ria.ru-ն: