04.04.2018 09:09

«Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական մամուլում» ռուսերեն ժողովածուն

«Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական մամուլում» ռուսերեն ժողովածուն

Ռուսաստանյան «Ազատական առաքելություն» («Либеральная миссия») հիմնադրամը հրատարակել է «Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական մամուլում» գիրքը (Левон Тер-Петросян в российской прессе, «Либеральная миссия», Москва, 2018, 408 էջ)։ Այն կազմել եւ առաջաբանով ու ծանոթագրություններով օժտել է անկախ լրագրող Դավիթ Պետրոսյանը։ Խմբագիր՝ Ավետիս Ավագյան։ Ժողովածուն նվիրված է Բորիս Ելցինի եւ Եգոր Գայդարի հիշատակին։ Ստորեւ հրատարակում ենք Դավիթ Պետրոսյանի առաջաբանի հայերեն թարգմանությունը։


Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն ժողովածուն, որը կազմված լինելով Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյա հոբելյանի առթիվ, սակայն տեխնիկական պատճառներով հրատարակվելով որոշ ուշացումով, ընդգրկում է նրա ելույթներն ու հարցազրույցները, նաեւ հոդվածներ նրա մասին եւ մի շարք այլ նյութեր՝ կապված նրա հասարակական-քաղաքական եւ գիտական գործունեության հետ:

Նյութերը ներկայացված են ժամանակագրական կարգով եւ բովանդակային իմաստով պայմանականորեն կարող են դասակարգվել մի քանի թեմատիկ բաժինների, որոնք են՝

— նրա իշխանության սկզբնական ժամանակաշրջանը (1990–1991 թթ.). այստեղ ընդգրկված են Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ եղած շրջանի նյութերը.

— 1992–1995 թթ.՝ Հայաստանի անկախություն ձեռքբերելուց հետո առաջին փուլը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, էներգետիկ ճգնաժամի եւ հաղորդակցության ուղիների շրջափակման, տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների առավել սուր շրջանը.

— 1996–1998 թթ.՝ նախագահական երկրորդ ժամկետը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հանգեցրած պատճառներն ու շարժառիթները.

— վերադարձ ակտիվ քաղաքական կյանք (սկսած 2007 թվականից՝ մինչ օրս):

Բացի այդ, ժողովածուի հավելվածում ռուսալեզու ընթերցողի համար առաջին անգամ հրապարակվում են քիչ հայտնի նյութեր, այդ թվում՝ Հայաստանի Առաջին նախագահի ընդարձակ կենսագրությունը, նրա գիտական եւ հասարակական-քաղաքական աշխատությունների ցանկը, ինչպես նաեւ փաստաթղթերի մի փաթեթ, որն անմիջական կապ ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի գիտական գործունեության եւ, մասնավորապես, «Հայ-ասորական գրական կապերը IV–V դդ.» դոկտորական ատենախոսության հետ, որը նա պաշտպանել է 1987թ. Լենինգրադի համալսարանում:

Ժողովածուն նախատեսված է ինչպես ընթերցողների լայն լսարանի, այնպես էլ փորձագիտական շրջանակների համար, որոնք զբաղվում են Խորհրդային Միության վերջին շրջանի եւ նրա փլուզման պատմության, ԱՊՀ շրջանակներում ձեւավորվող անկախ պետությունների համագործակցության նոր ձեւերի, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, Հայաստանի եւ Ռուսաստանի 1990-ական թթ. սկիզբ առած նորագույն պատմության, ետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացների հարցերով: Ընդ որում, կարծում ենք՝ հրապարակված նյութերը կոտրում են մի շարք կարծրատիպեր, որոնք ձեւավորվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ Ռուսաստանի եւ Հայաստանի որոշ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում:

Մեր կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի գնահատականներն ու դատողությունները, որոնք արտացոլված են այս ժողովածուի նյութերում, անկասկած՝ մեծ արժեք ունեն նաեւ պատմագիտության համար, քանի որ նա վերը նշված գործընթացների ոչ միայն ականատեսն է, այլեւ ամենաակտիվ մասնակիցներից մեկը:

Բացի այդ, ժողովածուի մի քանի առանցքային նյութեր, ղարաբաղյան հակամարտության պատմության բաղադրիչը լինելով, կարող են այդ առումով մեծ օգնություն մատուցել ոչ միայն ռուսաստանյան եւ հայկական, այլեւ միջազգային փորձագիտական հանրությանը: Բացառված չէ նաեւ, որ այս նյութերի հրապարակումը կարող է որոշ առումով նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացին:

Գիրքն օժտված է անհրաժեշտ ծանոթագրություններով՝ ռուսաստանյան ընթերցողի համար Հայաստանի քիչ ծանոթ իրողությունները հասկանալի դարձնելու նկատառումով:

Վերջում իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել հարգարժան Եւգենի Գրիգորեւիչ Յասինի ղեկավարած հեղինակավոր «Ազատական առաքելություն» («Либеральная миссия») հիմնադրամի վարչությանը՝ սույն գիրքը հրատարակելու սիրալիր պատրաստակամության համար:

Դավիթ Պետրոսյան

Անկախ լրագրող