05.04.2018 15:01

Ընտրություններ Հունգարիայում. Նոր ժամկետ Օրբանի համա՞ր

Ընտրություններ Հունգարիայում. Նոր ժամկետ Օրբանի համա՞ր

Հունգարիայում մի քանի օրից ընտրություններ են, և փորձագետներն արդեն հիմա պատրաստ են կանխատեսել, թե ինչպես կզարգանան դեպքերը. կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կրկին կգլխավորի Վիկտոր Օրբանը:

Երկրում բանավեճեր չեն եղել: Վարչապետը նույնիսկ «ընդդիմություն» բառը չի գործածել իր ելույթներում: Ավելին, իշխող «Ֆիդես» կուսակցությունը այս քարոզարշավի ընթացքում անգամ նախընտրական ծրագիր չի հրապարակել: Այնուհանդերձ, այն հիմնական կետերը, որոնցով առաջ է շարժվելու «Ֆիդասը», գաղտնիք չեն, դրանք անփոփոխ են մնում մի քանի տարիներ շարունակ:

Միգրացիոն ճգնաժամը Հունգարիային հասել է 2014 թ. ընտրություններից անմիջապես հետո: Դրանից հետո կառավարությունը որոշեց պարիսպ կառուցել Սերբիայի հետ սահմանին: Վարչապետը պնդում էր, որ հունգարացիները կարող են պաշտպանել իրենք իրենց: Եվ երկրի բնակիչները հանրաքվեում պաշտպանեցին կառավարության այդ որոշումը՝ քվեարկելով փախստականներ ընդունելու դեմ:

Ավելի ուշ Հունգարիայի թշնամի հռչակվեց Ջորջ Սորոսը: Օրբանի կարծիքով՝ ամերիկացի հայտնի ֆինանսիստը ուզում էր, որ փախստականները հեղեղեն Եվրոպան, ու հիմա էլ փորձում է մանիպուլացնել Բրյուսելին, ՄԱԿ-ին, ընդդիմությանը և հասարակական կազմակերպություններին: Բացի այդ՝ իշխանությունները Սորոսին մեղադրեցին Հունգարիայի ներքին գործերին միջամտելու և հասարակական կարծիքի վրա ազդելու մեջ, այդ թվում՝ կրթական ծրագրերի միջոցով:

Այս մրցապայքարի կարևոր հարցերից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարն է: Սկանդալային պատմությունները, որոնցում առկա է նաև կառավարությունը, հայտնվում են պարբերաբար: Դրանցում խոսքը միլիոնավոր եվրոների մասին է, ընդ որում՝ կասկածի տակ են նաև Օրբանը և նրա ազգականները:

Այնուամենայնիվ, հունգարացիներին այլընտրանք առաջարկելը բավական բարդ է, ընդդիմության շարքերում երկպառակություն է տիրում: Հարցումների տվյալներով՝ կողմնորոշվածների 53 %-ը պատրաստ է իր ձայնը տալ «Ֆիդեսին»:

Փոխանցում է euronews-ը: