09.04.2018 11:44

Սիրիական Հոմսում հրթիռակոծվել է ավիաբազան

Սիրիական Հոմսում հրթիռակոծվել է ավիաբազան

Սիրիայի Հոմս շրջանի արևելքում T-4 ավիաբազան ենթարկվել է հրթիռակոծության, հաղորդել են սիրիական լրատվամիջոցները: Նրանց տվյալներով՝ հրթիռները խոցվել են Սիրիայի ՀՕՊ համակարգերով: Ընդհանուր առմամբ, սիրիական աղբյուրների տեղեկություններով՝ խոցվել է ութ հրթիռ:

Նախնական տվյալներով՝ հրթիռներն ընկել են օդանավակայանի շրջակայքում, սակայն հարվածի հետևանքով ավիաբազան նյութական վնաս չի կրել:

SANA գործակալությունը հաղորդում է, որ կան զոհեր ու վիրավորներ, սակայն որոշակի թիվ չի  նշում:

Պենտագոնը հերքել է ԱՄՆ-ի առնչությունն այդ հրթիռակոծությանը, հաղորդել է Reuters-ը:

Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության  տարափ է տեղացել Ռուսաստանի և Իրանի հասցեին՝ այն բանի համար, որ նրանք պաշտպանում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որին մեղադրում են Արևելյան Գուտայի Դումա քաղաքի բնակիչների վրա քիմիական գրոհ ձեռնարկելու համար: «Նախագահ Պուտինը, Ռուսաստանն ու Իրանը պատասխանատու են այդ անասուն Ասադին պաշտպանելու համար»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Ապրիլի 7-ին Դումայում ենթադրյալ քիմիական գրոհի ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ:

Սիրիան և Ռուսաստանը հերքում են իրենց հասցեին այդ մեղադրանքները և պնդում, որ սիրիական զորքերը քիմիական գրոհ չեն իրականացրել:

Փոխանցում է BBC-ն: