09.04.2018 13:04

Արսեն Գրիգորյան. Լրագրողների վերջին օրերը

Արսեն Գրիգորյան. Լրագրողների վերջին օրերը

Պետական կառույցներից դուրս են մղում լրատվամիջոցներին ու անմիջապես նրանց պարգեւատրում: Տարոն Մարգարյանը երեկ 4 հեռուստալրագրողի շնորհակալագիր է հանձնել «հայեցի դաստիարակության գործում յուրովի ներդրում ունենալու համար»:

Լրատվական ծրագրի հաղորդավարին հայեցի դաստիարակելու համար չեն խրախուսում, հարգելի նժդեհականներ, նրա գործը հայեցի դաստիարակելը չէ:  Մարդուն չի կարելի պարգեւատրել նաեւ հայերեն խոսելու համար: Ինքը այլ լեզվով չի կարող ուղղակի եթերում ներկայացնել հայաստանցի հեռուստադիտողի համար պատրաստված լուրը:

Իրականում  պարզ է, որ այս իշխանությունները շռայլ են պարգեւների մեջ, որոնք փող չեն ենթադրում: Որպեսզի որեւէ կերպ չպատճառաբանեն պարգեւի բոբիկությունը, անունը դնում են «հայեցի դաստիարակություն»: Ճիշտ այդպես մեդալների պարագայում է: Երբ մարդը կորցնում է ինքնագնահատականը, նրան բռնացնում են շնորհակալագիրն ու մեդալը: Տարոն Մարգարյանը դա չգիտի, նա էն սիստեմի ներկայացուցիչն է, որը դա գիտի: Էդ սիստեմը գիտի, որ երկիրը ողողված է ինքնագնահատականը կորցրած «հանճարներով» եւ «հայեցիներով»:

Ընդամենը երկու ամիս առաջ Տարոն Մարգարյանը որոշեց ավագանու նիստերը հեռու պահել լրագրողներից, ավելի վաղ կառավարությունը որոշեց փակել լրագրողների մուտքը կառավարություն: Ազգային ժողովի աշխատակազմը կես տարի է՝ մտածում է, թե ինչպես լրագրողներին մեկուսացնի պատգամավորներից, մի քանի տարբերակ է քննարկվում, ամենահավանականը խորհրդարանի շենքից դուրս մի տեղ հատուկ լրագրողների համար մասնաշենք կառուցելն է: Եվ, տեսեք, կարծես թե ոչինչ տեղի չի ունեցել: Բոլոր լրատվամիջոցները սրբորեն կատարում են իրենց պարտականությունները: Կարծես հիշյալ բոլոր սահմանափակումները վերաբերում են Թոխմախի գերեզմանոցի հանգուցյալներին:

Ավելի վատ ժամանակներ են սպասվում լրագրողների համար: Եվ նույնիսկ՝ տրամաբանական: Որովհետեւ ամբողջ աշխարհը պտտվեցինք, ծանոթացանք Թուրքմենիայի ու Հյուսիսային Կորեայի պետական կառավարման հաճելի կողմերի հետ, ուսումնասիրեցինք Նորվեգիայի եւ Ֆրանսիայի փորձը, վերջը որոշեցինք, որ բոլոր առումներով մեզ ամենահարազատը Ադրբեջանն է: Որովհետեւ առանձնապես դատապարտելի չեն որդի Իլհամի հակալրագրողական ցնցումները: Ի՞նչ կա որ, ժողովուրդն առանձնապես չի դժգոհում, իրենք լրագրողներն էլ կարծես թե հանգիստ անում են իրենց գործը, ընդդիմադիր մի քանի տասնյակ լրագրողներ արդեն իսկ իշխանական ճամբարում են:

Ըստ իս՝ իրենց պարգեւների ձեւակերպումը լրագրողները կարող են վերապահել իրենց, իշխանությանն այդքան մեծահոգությունը կհերիքի: Այսինքն, լրագրողները թող իրենք որոշեն ինչ պաշտոնական ձեւակերպմամբ են արժանանում Տարոն Մարգարյանի շնորհակալագրին կամ Բաղրամյան-26-ի «Երախտագիտության համար» մեդալին: «Հայեցի դաստիարակությունը» կամ «բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար» ձեւակերպումները լրագրողի մասին չեն: Պետք է թողնել, որ «Երախտագիտության մեդալը» լրագրողին տրվի «Ադրբեջանից Հայաստան թափանցած խոշոր ահաբեկչական խմբավորման անդամների հերոսական բացահայտման համար»: Ինչքան ավելի պատվաբեր է: Նույն սուտն է, ինչ բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքը: Բայց պատվաբեր է: Լրագրողին պետք է տալ ինքնափառաբանման ձեւակերպումների ընտրություն: Դրանից մեդալի գույնն ու անհեթեթությունը չի փոխվի: Էդ ձեւակերպումները փող չեն, դրանցից իշխանության «հեղինակությունը» չի ընկնի:

Հայաստանցի լրագրողներին սարսափելի ժամանակներ են սպասվում՝ անգործություն եւ պարգեւներ: Շուտով մենք ականատես կլինենք ամենաանհեթեթ լուրերի: Պատգամավորի հարազատի հարսանիքի մասին լուրը հավասարազոր կլինի Նոբելյան մրցանակի արժանի որեւէ տեքստի: Այդ մասին գրող լրագրողը գուցե ապագայում հավակնի Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնին: Լրագրողները պետք է պատրաստվեն իրենց վերանալուն: Այս փուլը պարզապես նման է դեպի գնդակահարության պատը տանող քայլերին: