09.04.2018 14:34

Լիզա Ճաղարյան. Փա՜ռք Հայաստանի փառապանծ իշխանությանը

Լիզա Ճաղարյան. Փա՜ռք Հայաստանի փառապանծ իշխանությանը

Ես «հին» մարդ եմ։ Գալիս եմ է՜ն ժամանակներից, երբ Քոչարյան Ռոբերտն իր ձեռնածու հանձնաժողովի ձեռքով փակեց Ա1+ հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության աշխատակազմն ընդվզեց, նույնիսկ դատարան դիմեց՝ իր իրավունքների վերականգնման համար, եւ ամենակարեւորը՝ նրանց բողոքին միացան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Չեմ կարող պարծենալ, որ բազմաթիվ էինք Ա1+-ի վերաբացման համար պայքարողներս, բայց, այնուամենայնիվ, կայինք։

Ոչ մի արդյունքի չհասանք, մեր դիմաց բութ եւ իր բութ համառությամբ սեփական անելիքն իմացող տեսակ էր։ Բայց մենք մեր բողոքի ակցիաներով առնվազն ասացինք, որ «մեռած ենք, բայց էնքան էլ մեռած չենք»։

«Բութ պատն» ազատվեց միակ ընդդիմադիր հեռուստաալիքից եւ դրանով հիմքը դրեց այն ողորմելի, անդեմ ու օճառահոտ հեռուստաընկերությունների, որոնց ակնդիրն ու ունկնդիրն է այսօրվա Հայաստանի քաղաքացին։

Իսկ հիմա «բութ պատի» հաղթանակը շռնդալից է։ Մատի մեկ սեղմումով որոշվեց փակել բոլոր դռները բոլոր լրատվամիջոցների ու լրագրողների առջեւ, եւ...

Եվ՝ «արշալույսներն այստեղ խաղաղ են»։ Անհանգիստ շարժում անող չկա, բողոքի ակցիայի նշույլն անգամ չկա՝ ընդվզողների գե՛թ այնքան թվով, որքան տարիներ առաջ մենք էինք՝ Ա1+-ի համար պայքարողներս։

Արդեն հասել ենք այն «պատմական» հանգրվանին, երբ արժե հիշեցնել խորհրդային տարիների այն հայտնի անեկդոտը, երբ կոլխոզի նախագահը ժողովում հայտարարում է, որ հաջորդ օրն առավոտյան գյուղի բոլոր բնակիչներին կախելու են, եւ մի «ըմբոստ» գյուղացի ձեռքն է թափահարում, որ հարց տա։

-Ասա՛, - «բարեհոգաբար» խոսելու իրավունք է տալիս կոլխոզի նախագահը։

-Ընկեր նախագահ, - հարցնում է գյուղացին, - պարանը մենք ենք բերելու՞, թե դուք կտաք։

Բարին ընդ ձեզ, սիրելի եւ անմոռանալի լրագրողներ։

Հուսով եմ, կպայքարեք, որ պարանը գոնե դահիճները տան, էդ ծախսը ձեր վզին չմնա։