10.04.2018 10:52

Լիզա Ճաղարյան. Պաշտոն տվեք «կորսված» Արմեն Դարբինյանին

Լիզա Ճաղարյան. Պաշտոն տվեք «կորսված» Արմեն Դարբինյանին

Սովետների տարիներին ապրած «հներիս» դժվար է զարմացնել քծնանքի տարատեսակներով, չափուգույներով ու տհաճ հոտերով։

Դժվարը դժվար է, բայց արի ու տես՝ ոմանց դեռ հաջողվում է զարմացնել։ Այդպես զարմացա, նույնիսկ շա՛տ զարմացա՝ պատահաբար «Առավոտ»-ի կայքում կարդալով նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան գրառման արտատպությունը։ Ասել՝ չէի սպասում, մի քիչ չափազանցություն կլինի, բայց ամեն դեպքում մտքովս չէր անցել նրան շարմազանով-գեղամյանանմանների շարքին դասել։

Հուզաթոթով ձոներգ էր։ Չէ՝ հուզաթաթավ... Չէ, այս դեպքում կարծես հուզաթաթախն է սազական։ Ավելի ճիշտ՝ երեքն էլ սազում է։

Եվ այսպես, ցմրուր «ըմբոշխնեցի» պարոն Դարբինյանի հուզաթոթով, հուզաթաթավ եւ հուզաթաթախ գովերգությունը։ Երեւի չարժե գրել, թե ով էր այդպես դոկտոր-ռեկտորական «հունից հանել» նախկին վարչապետին։ Հիմա Հայաստանում միայն մեկ մարդու համար են էս հանգի ու էս գույնուհոտի հուզվում ու թոթովաթաթախվում։ Թե ում համար, հարցրեք Էդիկ Շարմազանովին, Վահրամ Բաղդասարյանին, Գեղամյանին եւ այս կարգի արարածներից ում ուզենաք, որոնք հաստատ կարդացել են Արմեն Դարբինյանի «սերենադն» ու նախանձից կապտել։

«Ըմբռնումով մոտենանք» այս անսպասելի պոռթկմանը։ Ոմանց պնդմամբ՝ սահմանադրություն է փոխվել, իրավիճակ է փոխվել, նոր նախագահ է «ընտրվել», հինն էլ դառնալու է այս նորի անմիջական ղեկավարը, ու հնարավոր է, որ երկրափրկիչ փոփոխությունների այս հորձանուտում հիշեն նաեւ նախկին վարչապետին։ Բայց ախր հնարավո՛ր է եւ՝ չհիշեն։ Դե, Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր, Հոգաբարձուների խորհրդի համանախագահ պարոն Դարբինյանն էլ, «բնականաբար», չի ուզում հույսը դնել պատահականության վրա։ Ու՝ հիշեցնում է։ Հիշեցնելու ճանապարհն էլ արդի «գաղջ մթնոլորտում»՝ ինչպես ժամանակին դիպուկ նկատել է պարոն Դարբինյանի ներբողի հերոսը, սա է՝ Նորին Նվաստություն Քծնանքը։

Բայց, ավաղ, «երկրում առկա աղքատության աստիճանը այլևս անհանդուրժելի է, սոցիալական անարդարությունը՝ անըմբռնելի, բնության նկատմամբ վայրագությունը՝ նողկալի, անշնորհք և անգիտակից կառավարիչների և/կամ օլիգարխների նկատմամբ ամենաթողությունը՝ անտանելի», բարբառում է հարգարժան ռեկտորը, կրկին «բնականաբար»՝ մոռանալով, որ ահա այս «բարձունքների նվաճման» գլխավոր պատասխանատուն իր հերոսն է։

Դե, սա էլ՝ ոչինչ։ Արդեն ասվեց պատճառը, թե ինչու էր նախկին վարչապետին հույժ անհրաժեշտ՝ երկրում կատարվող խայտառակ երեւույթները տեսնել, անպատճառ ընդգծելով, որ այդ ամենի քոքը կարող է կտրել միայն ՀՀԿ ղեկավարը։ Եվ իհարկե՝ միմիայն վարչապետ դառնալու դեպքում։ Ախ, այդ նախագահի աթոռը ոնց էր կաշկանդում Արմեն Դարբինյանի հերոսին ու չէր թողնում, որ նա անհանդուրժելի աղքատությունը՝ հանդուրժելի, բնության նկատմամբ նողկալի վայրագությունը՝ զմայլելի, անշնորհք եւ անգիտակից կառավարիչների եւ/կամ օլիգարխների նկատմամբ անտանելի ամենաթողությունը ախորժելի դարձնի, անըմբռնելի սոցիալական անարդարությունն էլ ըմբռնի։

Թվարկելով արդեն նախագահի աթոռին տասը տարի դաժան պայմաններում գերեվարվածի անձնազոհ նվաճումները, Դարբինյանն ընդգծում է. «Նախագահ Սարգսյանը ոչ միայն իշխանությանը, այլև երկրին, պետությանը և քաղաքացուն կարողացավ վերադարձնել 96-ից կարծես անվերադարձ կորսված լեգիտիմությունը...»։

Գլուխը քարը, թե որտեղ է տեսել գրագետ եւ արհեստավարժ ռեկտորը իր հերոսի լեգիտիմությունը։ Ետ գնանք մինչեւ 96-ը։ Ի՞նչ էր անում այդ «կորսված լեգիտիմության» տարիներին Արմեն Դարբինյանը։ Գուցե անձնվիրաբար պայքարում էր հանուն «արդարությա՞ն»։ Երկրում առկա զանազան անհանդուրժելի, անըմբռնելի, նողկալի եւ անտանելի երեւույթներից կեղեքվող պարոն Դարբինյանի լուսեղեն կերպարը կարծես հենց դա էլ հուշում է։ Հուշում է, որ նա պետք է 96-ից սկսած  «մեղավորների» դեմ անողոք պայքար մղեր, բարիկադների վրա ծածաներ արդարության դրոշը, անհամար զրկանքներ կրեր, ձերբակալվեր, կարճ ասած՝ օրուգիշեր պայքարեր «կորսված լեգիտիմությունը» վերագտնելու համար՝ վայելելով այդ պայքարի բոլոր «բարի պտուղները»։

Չարաչար սխալվում եք, եթե մտքներովդ նման բան անցավ։

1994-1997 թթ. նա ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալն էր։ Այս պաշտոնն ստանձնում են ՀՀ նախագահի հրամանագրով։

Իսկ 1997-ից ՀՀ ֆինանսների, այնուհետեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն էր։ Այս պաշտոնները նույնպես ստանձնում ՀՀ նախագահի հրամանագրով։

1998-99 թթ․ Հայաստանի վարչապետն էր՝ էլ չասեմ թե ում հրամանագրով։

Մի կողմ թողնենք՝ ով ում է սիրում կամ չի սիրում։ Եթե մի մարդ պնդում է, որ որևէ  իշխանություն լեգիտիմ չի եղել, բայց այդ իշխանության օրոք և նրա նշանակմամբ վարելով քաղաքական պաշտոններ, ծպտուն անգամ չի հանել «կորսված լեգիտիմության» մասին, ուրեմն Արմեն Դարբինյանի մոտ ինչ-որ պահից սկսած (կամ էլ՝ ի սկզբանե) «կորսվել են» այն բոլոր սկզբունքները, որոնք ընդհանրացված ընդունված է անվանել բարոյականություն։

Ցավով կարծում եմ՝ ներկա իշխանությանն արժանի մարդ է Արմեն Դարբինյանը, նույն արժեքային ծառի պտուղ են, եւ նրան պաշտոն չտալը աղաղակող անարդարություն կլինի։ Բա թողնենք՝ արդարությունն է՞լ «կորսվի»։