11.04.2018 11:39

ՄԱԿ-ի ԱԽ. ՌԴ-ն վետո է դրել Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ բանաձևի վրա

ՄԱԿ-ի ԱԽ. ՌԴ-ն վետո է դրել Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ բանաձևի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և մյուսները խոսել են Սիրիայում հավանական քիմիական հարձակման մասին, սակայն առաջարկված բանաձևերից ոչ մեկն այդպես էլ չի ընդունվել:

Նիստի ընթացքում Ռուսաստանն արգելափակել է Դամասկոսի արվարձաններում հավանական քիմիական գրոհի վերաբերյալ ամերիկյան բանաձևը: ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նույն կերպ են պատասխանել Մոսկվային՝ դեմ քվեարկելով Սիրիայի ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ նրա ներկայացրած երկու բանաձևերին:

Սիրիայում աշխատող բժիշկները և փրկարարները հաղորդել էին, որ ապրիլի 7-ին Դումայում՝ Դամասկոսի արվարձանը հանդիսացող Արևելյան Գուտայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքում, հնարավոր է՝ քիմիական գրոհ է տեղի ունեցել, որի զոհերի թիվը հասնում է առնվազն 70-ի:

Թե իրականում ինչ է կատարվել, և որքան զոհ է եղել՝ անկախ աղբյուրներից առայժմ հնարավոր չէ ճշտել: Սիրիայի իշխանությունները քիմիական գրոհի մասին լուրը համարում են շինծու: Մինչդեռ արևմտյան երկրները, նաև ԱՄՆ-ը, համարում են, որ ակտիվիստների ներկայացրած տվյալները բավարար են:

Մոսկվան կտրականապես հերքում է սիրիական բանակի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորությունը Արևելյան Գուտայում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստն անցել է ԱՄՆ կողմից  Սիրիային ռազմական հարված հասցնելու իրական սպառնալիքի ֆոնին:

Փոխանցում է BBC-ն: