11.04.2018 12:53

Ուկրաինան պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

Ուկրաինան պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

Ուկրաինան, ԱՄՆ-ից հետո, պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ռուսաստանցի գործարարների դեմ: Արդեն առաջիկա օրերին հատուկ ծառայությունները և կառավարությունը համապատասխան որոշման նախագիծը կներկայացնեն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին: Այս մասին տեղեկացրել է նախագահ Պյոտր Պոռոշենկոն, որը նաև նշել է, թե պատժամիջոցները «առավելագույնս կհամապատասխանեցվեն ԱՄՆ կառավարության որոշմանը»:

Արդեն հայտնի է, որ ուկրաինական պատժացուցակում են լինելու միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի և այլ գործարարների անունները, որոնց Կիևն անվանում է «օլիգարխներ»: Պոռոշենկոն շեշտել է, որ խոսքն այն մարդկանց մասին է, «որոնք առանցքային դերակատարում ունեն Ռուսաստանի կյանքում, գործեր են վարում Ղրիմում և զբաղվում են զենքի մատակարարմամբ»:

Միացյալ Նահանգներն ավելի վաղ պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի յոթ միլիարդատերերի նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նրանք իրենց ունեցվածքը բազմապատկել են իշխանությանը մոտ լինելու շնորհիվ, ուստի պետք է պատասխանատվության իրենց բաժինը կրեն կառավարության վարած քաղաքականության համար:

Ռուսաստանը հայտարարում է, որ երկրում ոչ մի օլիգարխ էլ չկա, իսկ պատժամիջոցները «Ռուսաստանին չեն շեղի ընտրված ուղուց»:

Փոխանցում է euronews-ը: