12.04.2018 13:15

Ամերիկյան մամուլը՝ Թրամփի փաստաբանի մոտ խուզարկությունների մասին

Ամերիկյան մամուլը՝ Թրամփի փաստաբանի մոտ խուզարկությունների մասին

Շաբաթվա սկզբին Նյու Յորքի ՀԴԲ աշխատակիցները խուզարկություն են անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան, 51-ամյա Մայքլ Քոենի բնակարանում ու գրասենյակում և առգրավել են փաստաթղթեր, բջջային հեռախոսներ և համակարգիչներ: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ երբ Քոենը վաղ առավոտյան գործակալների առջև բացել է դուռը, նրանցից մեկն անմիջապես վերցրել է նրա հեռախոսը:

Սպիտակ տան անանուն աղբյուրները փոխանցում են, որ Դոնալդ Թրամփն այնպես է կատաղել, որ նրան այդպես դեռ ոչ ոք չէր տեսել: Եվ հայտնի չէ՝ կկարողանա՞ նա հիմա ազատվել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերից, որը հետաքննում է 2016 թ. ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության գործը, և որի խնդրանքով է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը խուզարկություն անցկացրել Քոենի մոտ:

Հաղորդվում է, որ Սպիտակ տան իրավաբանները դադարեցրել են բանակցությունները Մյուլլերի հետ՝ այն մասին, թե ինչ պայմաններով Թրամփը կհամաձայնի հարցաքննության ներկայանալ:

Որքան հայտնի է, ՀԴԲ-ն Քոենի մոտից առգրավել է նրա գաղտնի գրագրությունը  Թրամփի հետ և փաստաթղթեր, որոնք վերաբերում են 2016 թ. ընտրություններից 12 օր առաջ Քոենի կողմից պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին 130 դոլար վճարելու մասին՝ «բերանը փակ պահելու» դիմաց: Դենիելսը պնդում է, որ 2006 թ. սեռական կապ է ունեցել ապագա նախագահ Թրամփի հետ: Թրամփը հերքում է դա և օրերս լրագրողներին ասել է, որ գաղափար անգամ չի ունեցել «փրկագնի» մասին:

Քոենն աստվածացնում է Թրամփին, նա բազմիցս ասել է, որ պատանի տարիքում ուղղակի սերտել է նրա «Գործարքի արվեստը» գիրքը: Քոենը նույնպես պնդում է, որ նախագահը չի իմացել փրկագնի մասին, և ինքը Դենիելսին 130 հազար դոլար է վճարել սեփական գրպանից:

Փոխանցում է BBC-ն: