12.04.2018 13:31

Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն է. Freedom House

Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն է. Freedom House

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը եւ Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցը անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ:

Ի տարբերություն նախորդ զեկույցների, այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: Ըստ այդմ, Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի չգրված իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները:

Ավելին, համեմատելով Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիները` կազմակերպությունը փաստում է, որ այդ ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է:

Ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ եւ անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:

Վերլուծելով անցած տարվա զարգացումները, հեղինակավոր կազմակերպությունը նշում է` Հայաստանը առաջընթաց չի արձանագրել ոչ թափանցիկ ընտրությունների, ոչ արդարադատության, ոչ մամուլի ազատության, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում. ճիշտ հակառակը՝ նախորդ տարվա համեմատ է՛լ ավելի է վատացել պայքարը կոռուպցիայի դեմ, ընդ որում, գնահատականը տրվել է՝ հաշվի առնելով ոչ միայն հանրության ընկալումը, այլեւ` իշխանության վերին օղակների ունեցած բիզնես շահերն ու հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետությունը:

Ամենավատ արդյունքն արձանագրվել է ժողովրդավարական կառավարման ու ընտրական գործընթացների ոլորտներում, ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում կառավարման համակարգի կայունությունը եւ անկախությունը, օրենսդիր ու գործադիր մարմինների հավասարակշռությունը 2008 թվականից ի վեր շարունակաբար նվազել է: Վերջին տասնամյակում տարեցտարի իջել է նաեւ ընտրական գործընթացներին ու բազմակուսակցական համակարգի կայացմանը տրված գնահատականը: Ամենաբարվոք վիճակն արձանագրվել է քաղաքացիական հասարակության բնագավառում, սակայն այստեղ էլ 2008 թվականից հետո վիճակը ոչ թե բարելավվել, այլ վատացել է:

Արդյունքում, հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը այսօր ժողովրդավարության ցուցանիշով նկատելի զիջում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, որոնք համարվում են անցումային կամ «հիբրիդային» տիպի պետություններ: