12.04.2018 14:12

Գեւորգ Նալբանդյան. ՀՀԿ-ն՝ Ալիեւի փոխարեն

Գեւորգ Նալբանդյան. ՀՀԿ-ն՝ Ալիեւի փոխարեն

Նժդեհա-փանջունիական իշխանությունը, համարելով, որ Հայաստանում բոլոր հարցերի լուծման բանալին ունի, անցել է Ադրբեջանի փոխարեն որոշում ընդունելու մտավարժանքների: Ազգային ժողովի հնաբնակներից Գագիկ Մինասյանի գնահատմամբ՝ ապրիլյան պատերազմում հակառակորդը մեկին երեք զոհ է տվել, չի կարողացել իրականացնել իր առջեւ դրված խնդիրները, իր նպատակին չի հասել: Հանրապետական պատգամավորը դրանից եզրակացրել է, որ «հարձակվող կողմը միտքը փոխեց՝ այլեւս երբեք հարձակում գործելու Հայաստանի կամ Արցախի տարածքի վրա»:

Անմիջապես հարց է առաջանում. եթե նժդեհականները նման եզրակացության են եկել եւ Ալիեւի փոխարեն խոսում են նրա հետագա պլանների մասին, ապա ինչու՞ է Հայաստանը մեծացրել բյուջեի ռազմական ծախսերը, ինչու՞ են մարդկանց աշխատավարձից հազարական դրամ պահումներ անում՝ զոհվածների հարազատներին եւ հաշմանդամներին փոխհատուցում վճարելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում, «ազգ-բանակ» կոնցեպցիան, ինչու՞ է մշակվել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը: Իշխանությունը պատեհ-անպատեհ հիշեցնում է,որ Հայաստանը պատերազմող երկիր է, ամբողջ քարոզչությունը նրան է ուղղվում, որ պետք է մշտապես պատրաստ լինել Ադրբեջանի ագրեսիային, իսկ նրա ներկայացուցիչ պատգամավորը՝ հայտարարում, որ ապրիլյան մարտերում կրած ջախջախիչ պարտությունից հետո «մեր հակառակորդը միտքը փոխել է՝ այլեւս երբեք հարձակում գործելու Հայաստանի կամ Արցախի տարածքի վրա»:

Գագիկ Մինասյանը, երեւի, կես հաստիքով էլ Ադրբեջանի պառլամենտում է աշխատում: Թե չէ որտեղի՞ց կարող է իմանալ այդ երկրի մտադրությունների մասին: Կարելի է կատակի տոնով շարունակել, բայց իրականում սա ակնհայտ ողբերգություն է: Հայաստանի իշխող դասը պատերազմի եւ խաղաղության հարցում չունի միասնական-կոնցեպտուալ պատկերացում, դատողությունները եւ գնահատականները միայն իրավիճակային են: Նույն Մինասյանը վաղը կարող է ռազմա-հայրենասիրական ճառ արտասանել, հաջորդ օրը՝ խիստ պացիֆիստական: Դա գալիս է իշխանության ոչ ադեկվատությունից, նրա քաղաքական դիլետանտությունից: Հայաստանի մարտահրավերներն, այսպիսով, նժդեհա-փանջունիականությունը եւ իշխանության անկանխատեսելիությունն են, երբ ոչ ոք չգիտի, թե հաջորդ օրն ի՞նչ որոշում է կայացվելու, երբ հասարակության համար պարզ չէ՝ վաղը պատերա՞զմ է սկսվելու, թե՞ խաղաղության համաձայնագիր է ստորագրվելու:

Տպավորությունը, որ ՀՀԿ-ն սկսել է Ալիեւի փոխարեն որոշումներ կայացնել, հիմնավորապես սխալ է: Իրականում նժդեհա-փանջունիական կոալիցիան մատնվել է կացության, երբ այս կամ այն քայլով փորձում է արձագանքել Ադրբեջանի որոշումներին: Հայաստանը ներկայումս ապրում է Ադրբեջանի թելադրած օրակարգով: Եւ դա մեր երկրի ամենահիմնական սպառնալիքն է: Իշխանությունն ի զորու չէ հաղթահարելու դա: Մնում է, որ հասարակությունը ձեռքը վերցնի երկրի արժանապատվությունը վերականգնելու եւ խաղաղություն հաստատելու գործը: