13.04.2018 11:44

Մայք Փոմփեոն սենատի լսումներում հինգ ժամ պատասխանել է հարցերին

Մայք Փոմփեոն սենատի լսումներում հինգ ժամ պատասխանել է հարցերին

ԿՀՎ տնօրեն և ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Մայք Փոմփեոն սենատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումներում հարցաքննվել է հինգ ժամ:

Փոմփեոն մանրակրկիտ կերպով նախապատրաստվել է լսումների. CNN հեռուստատեսության և Politico պարբերականի տվյալներով՝ նա կապվել է բոլոր ողջ պետքարտուղարների, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնի հետ և նրանցից խորհուրդներ է հարցրել: Սենատում ԿՀՎ տնօրենի աջակցության թիմում, բացի ընտանիքի անդամներից՝ եղել է նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, որի հարաբերությունները պաշտոնաթող պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ բավական լարված էին:

Քննարկման հիմնական հարցերը վերաբերել են Սիրիային, Ռուսաստանի հետ հարաբերություններին, այդ թվում ամերիկյան ընտրություններին Մոսկվայի հավանական միջամտության հետաքննությանը, Չինաստանին ու Հյուսիսային Կորեային:

Մասնավորապես՝ Փոմփեոն հայտարարել է, որ  ԱՄՆ ներկայիս վարչակազմը բավական կոշտ վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ, և ի միջի այլոց նշել է, որ մի քանի շաբաթ առաջ Սիրիայում «մի քանի հարյուր ռուսաստանցի է սպանվել»: Ընդ որում՝ նա չի նշել, թե որ միջադեպը նկատի ունի: Ենթադրաբար՝ դա վերաբերել է փետրվարի 8-ի գիշերը Դեյր-էր-Զորի արվարձաններին հասված հարվածին, որի ժամանակ կարող էին զոհված լինել ռուսաստանցիներ:

Լսումների ընթացքում քննարկվել են նաև գեյ-ամուսնություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Փոխանցում է BBC-ն: