13.04.2018 13:00

Բրիտանիան համաձայնել է «միջոցներ ձեռնարկել»՝ ի պատասխան Սիրիայում քիմիական գրոհի

Բրիտանիան համաձայնել է «միջոցներ ձեռնարկել»՝ ի պատասխան Սիրիայում քիմիական գրոհի

Բրիտանիայի կառավարության անդամները համաձայնության են եկել Սիրիայում վճռական գործողությունների դիմելու անհրաժեշտության հարցում՝ քիմիական զենքի հետագա կիրառումը բացառելու համար, ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Հինգշաբթի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության նիստ է անցկացրել՝  Բաշար Ասադի վարչակարգի կողմից ենթադրյալ քիմիական գրոհին բրիտանական պատասխանի վերաբերյալ:

BBC-ի աղբյուրների խոսքով՝ Մեյը պատրաստ է գործողությունների դիմել՝ չսպասելով խորհրդարանի հավանությանը:

«Դա ցնցող և բարբարոսական ակտ էր, որի հետևանքով զոհվեց առնվազն 75 մարդ, այդ թվում՝ երեխաներ, ընդ որում՝ ամենասոսկալի և անմարդկային եղանակով»,- հայտարարել է Մեյը:

Կառավարությունը որոշել է, որ ամենայն հավանականությամբ՝ քիմիական հարձակման պատասխանատվությունը կրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը, որը, ի դեպ, հերքում է թունավոր նյութեր կիրառելու մեղադրանքը:

Այնուհանդերձ, նիստի արդյունքում ընդունված բանաձևում չի նշվում Սիրիայում ռազմական գործողությանը Բրիտանիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ որևէ կոնկրետ քայլ:

Փոխանցում է BBC-ն: