14.04.2018 11:00

ՖԻՖԱ-ն 25 միլիարդ դոլար է փնտրում նոր մրցաշարերի կազմակերպման համար

ՖԻՖԱ-ն 25 միլիարդ դոլար է փնտրում նոր մրցաշարերի կազմակերպման համար

ՖԻՖԱ-ն մտադիր է 25 միլիարդ դոլար արժողությամբ 12 տարվա պայմանագիր ստորագրել Սաուդյան Արաբիայի, չինական ու ամերիկյան ներդրողների հետ մոտ ապագայում երկու խոշոր մրցաշարի մեկնարկ տալու համար:

ՖԻՖԱ-ն ցանկանում է ակումբային նոր մրցաշար անցկացրել, որը կփոխարինի ներկայիս Աշխարհի ակումբային առաջնությանը, որն անցկացվում է ամեն տարվա դեկտեմբերին: Այս մրցաշարին մասնակցում է իրենց մայրցամաքներում հաղթած յոթ թիմ: Նոր մրցաշարին կմասնակցի 24 թիմ, որոնցից առնվազն 12-ը՝ Եվրոպայից: Ըստ նախնական տվյալների` մրցաշարը կարող է մեկնարկել 2021 թվականի ամռանը: Կլինի 8 խումբ, յուրաքանչյուրում 3-ական թիմ: Խմբային մրցաշարին կհաջորդի փլեյ-օֆֆը: Նշվում է, թիմերը կարող են առավելագույնը հինգ հանդիպում անցկացնել: Հատկանշական է, որ ՖԻՖԱ-ն պատրաստվում է մրցաշարն անցկացնել երկու տարին մեկ:

ՖԻՖԱ-ն պատրաստվում է նաև իր անմիջական մասնակցությունն ունենալ նաև Ազգերի լիգայի խաղարկության կազմակերպման ու անցկացման գործում, որը ըստ ամենայնի գալիս է փոխարինելու ոչ միայն ընկերական հանդիպումներն, այլ նաև Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որը գնալով կորցնում է իր հետաքրքրությունը:

Հարկ է նշել, որ այս ամենն, ըստ The Associated Press-ի, դեռ քննարկամն փուլում է և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջիկա ծրագրերի մասին բանակցություններ է վարում ներդրողների հետ: Մանրամասներ չի հաղորդվում, քանի որ կողմերը դեռ չեն շտապում հայտարարություններ անել:

Ամեն դեպքում, չի բացառվում, որ նշվածը կմնա փաստաթղթերի վրա, քանի որ ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում հեշտ հանձնվել` հաշվի առնելով այն, որ ցանկացած նման նորամուծություն կարող է լուրջ ֆինանսական վնաս հասցնել կառույցին, որի հովանու ներքո անցկացվում է այս պահին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը:

ՖԻՖԱ-ն իր հերթին հույս ունի իր կողմը գրավել ակումբներին, որոնք այս ընթացքում փորձում են պաշտպանել իրենց խաղացողներին հագեցած խիտ խաղացանկից` վաստահեցնելով, որ 2021-ից մինչեւ 2033 թվականը կազմված ծրագիրը ավելի քիչ հանդիպումներ է ենթադրում: