16.04.2018 11:00

«Ռեալ»-«Յուվենտուս» խաղի մրցավարին և նրա կնոջը սպառնում են սպանել

«Ռեալ»-«Յուվենտուս» խաղի մրցավարին և նրա կնոջը սպառնում են սպանել

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Ռեալի» և «Յուվենտուսի» միջև կայացած պատասխան խաղից հետո (1:3/ 4:3 երկու խաղերի արդյունքում) հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերն ու իր կինը վիրավորանքներ և մահացու սպառնալիքներ են ստացել իրենց հասցեին:

Հիշեցնենք` նման արձագանքը պայմանավորված է խաղի վերջին րոպեին նշանակված 11-մետրանոցով, ինչպես նաև իտալացիների ավագ Ջանլուջի Բուֆոնի` ագրեսիվ պահվածքի պատճառով հեռացմամբ:

Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցն ու գրավել Վոյցեխ Շչեսնիի դարպասը, իսկ «Ռեալն» այդ գոլի շնորհիվ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Անձամբ Օլիվերը գրանցված չէ սոցիալական կայքերում, բայց իր կինը հաշիվ ունի «Թվիթերում», որտեղ էլ հենց վիրավորական նամակներ է ստացել:

Իսկ Օլիվերի և նրա կնոջ հեռախոսահամարների հրապարակումից հետո նրանք սպառնալիքներով լի հեռախոսազանգեր են ստացել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Նշենք` Օլիվերի կինը` Լյուսին, ևս մրցավար է: