18.04.2018 14:42

Լիզա Ճաղարյան. Հայրենիքի դավաճանությունը հենց սա է

Լիզա Ճաղարյան. Հայրենիքի դավաճանությունը հենց սա է

Միայն ցելոֆանի կեղտոտ տոպրակն էր պակասում։ Մնացածն ընթացավ ըստ հանրապետականների հաստատած «բարի ավանդույթի»։ Բարիկադի մի կողմում Հայաստանի քաղաքացիներն էին, մյուս կողմում իշխանական կամակատարների մի քանի տասնյականոց  հանցախումբը՝ պաշտպանված մինչեւ ատամները զինված ոստիկանական զորքով։

Ոչ ոք չի մոռացել եւ երբեք ոչ ոք չի մոռանա, որ ՀՀԿ-ի ղեկավարն ապրիլյան պատերազմից հետո խոստովանեց, որ մինչ օրս մեր բանակը զինված է 80-ականների զենքերով։ Ոչ ոք կույր չէ եւ բոլոր ժողովրդական ընդվզումների ժամանակ տեսել եւ համոզվել է, որ Հայաստանի ոստիկանական զենքուզրահը 80-ական թվականների արտադրանք չեն, եւ այս հարցում ամենազարգացած երկրները կարող են նախանձել աղքատության ճիրաններում մի կերպ գոյություն քարշ տվող, գերտերություններից ստացած վարկերի տակ ճկռած Հայաստանին։ Հագուստ-կապուստի մասին էլ չասեմ՝ Գասպարյան Վովան երկու տարին մեկ ոստիկանական համազգեստի մրցույթ է հայտարարում։

Ահա՛ սրանք՝ այս հագած-կապած, տեղը տեղին մարզված, «բիլակով» կուշտուկուռ տղամարդիկ, ժամանակակից բոլոր անհրաժեշտ, հնարավոր ու անհնարին միջոցներով պաշտպանում են ու՞մ՝ ՀՀԿ ղեկավարի հերթական անգամ իշխանության զավթման «ազատ եւ թափանցիկ» գործընթացը։

...Օրեր առաջ հոսպիտալում նստած էի մի վիրավոր զինվորի հիվանդասենյակում։ 19 տարեկան բարալիկ, նրբիկ պատանին արդեն կեսմարդ է, ե նրա մայրը լացակումած պատմում է, թե տարուկեսվա ընթացքում ինչ չափերի հասնող վարկերի տակ են կքել, եւ գիտե՞ք, թե ինչու։ Որպեսզի բանակում կարողանան հոգալ իրենց միակ որդու հոգսերը։ Իսկ գիտե՞ք, թե դրանք ինչ հոգսեր են։ Հագուստ եւ սնունդ։ Այս մարդիկ իրենց զավակին ուղարկել են հայրենիքի սահմանները պաշտպանելու, եւ հետո էլ պարզել են, որ ոչ միայն երկու տարի պետք է սարսափը սրտներում Աստված կանչեն, որ իրենց երեխային թշնամու գնդակ չդիպչի, այլեւ իրե՛նք պետք է հոգան զինվորի այն կարիքները, որոնք պետությա՛ն պարտավորություններն են։

Շատ ավելի տխուր ու հուսահատեցնող պատմություններ լսեցի զինվորի մորից, բայց այսօր բավարարվենք այսքանով եւ արձանագրենք. սեփական իշխանությունը պահպանելու եւ երկարաձգելու համար իշխող Հանրապետական կուսակցությունը եւ նրա դուստր-ձեռնարկություն «ծովից ծով» բարբաջող դաշնակցությունն աչքի լույսի պես պահում-փայփայում են ոստիկանությանը՝ «անհրաժեշտ պահին» Հայաստանի քաղաքացիների ողնաշարը ջարդելու համար եւ բացարձակ անտերության են մատնել Հայոց բանակը՝ մուրացկանի պես հույսները դրած քաղաքացիներից հավաքած հազարական դրամների վրա, եւ այդ անտերության զարհուրելի հետեւանքն էլ ապրիլյան չորսօրյա պատերազմի հարյուրից ավելի զոհերն էին։

Եվ հենց այս «հայրենասերներն» են ընդդեմ ժողովրդական ցանկացած ընդվզման՝ հասարակության քթի տակ թափահարում Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ բարբաջում պատերազմական իրավիճակում ներքին խռովությունների անթույլատրելիության մասին։

Հայրենիքի դավաճանությունը հենց սա է, այլ տեղերում մի փնտրեք։