19.04.2018 11:00

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ երկրներին բոյկոտել ՌԴ-ում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ երկրներին բոյկոտել ՌԴ-ում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրամիության երկրների կառավարություններին՝ կոչ անելով բոյկոտել Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, գրում է korrespondent.net-ը:

Համապատասխան նամակը ստորագրել է 46 պատգամավոր:

«Եվրոպական խորհրդարանի 46 անդամ նամակ է ստորագրել՝ հասցեագրված ԵՄ բոլոր կառավարություններին՝ Ռուսաստանում 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դիվանագիտական բոյկոտի կոչ անելով»,- ասել է Ռիկարդ Յոզվյակը:

Պատգամավորները վկայակոչել են անգլիական Սոլսբերիում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը, Սիրիայում և Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, ինչպես նաև Ղրիմի անեքսիան:

«Մենք կարող ենք համարել, որ սպորտը փոխաբերական իմաստով կամուրջներ է կառուցում մարդկանց միջև, սակայն քանի դեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրական կամուրջներ է պայթեցնում Սիրիայում, չի կարելի ձևացնել, թե Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ոչ մի կերպ չի տարբերվում մյուս խոշոր մարզական իրադարձություններից:

Մինչ Պուտինն անօրինաբար գրավել է Ղրիմը, ուկրաինացի քաղբանտարկյալներին անազատության մեջ է պահում և պատերազմ է վարում Ուկրաինայի արևելքում, չի կարելի ձևացնել, թե առաջնությունը հյուրընկալում է մեր հյուրընկալ հարևանը»,- ասված է պատգամավորների նամակում: