19.04.2018 11:41

Բռնություն լրագրողի նկատմամբ. Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց

Բռնություն լրագրողի նկատմամբ. Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այսօր առավոտյան Կառավարության երրորդ մասնաշենքի առջև տեղի ունեցած բախումներից տուժած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն։

Մուրադյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ «բռնության է ենթարկվել» երկու երիտասարդների կողից։ «Էդ երկու հոգին, ովքեր իմ նկատմամբ բռնություն են կիրառել, մինչև կառավարության միջադեպը ես իրենց ֆիքսել էի, իրենք իրենց չէին պահում հավաքի կլասիկ մասնակից, իրենք անընդհատ հեռախոսով պատմում էին ինչ-որ մարդկանց, թե ինչ են տեսնում, երբ որ իրենք հասկացան, որ ես իրենց ֆիքսել եմ, սկսեցին իմ տեսադաշտից հեռու գնալ, բայց ուր գնում էի ինձ տեսադաշտում էին պահում», - պատմել է լրագրողը։

Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի ղեկավար Սամվել Կարապետյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ լրագրողը դեռ 6-7 ժամ պետք է մնա իրենց հսկողության տակ։

«Գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ ունի ձախ քունք-ծոծրակային հատվածում։ Կանխատեսելի բարդություններ, իմ կարծիքով, չեն լինի, բայց մենք պարտավոր ենք հսկել», - ասել է Կարապետյանը։