20.04.2018 13:04

Բերման են ենթարկել նույնիսկ լրագրողի

Բերման են ենթարկել նույնիսկ լրագրողի

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այսօր առավոտվանից Երեւանում մեկնարկախ ցույցերի ժամանակ ոստիկանները ուժով հեռացրել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանին Երևան-Սևան մայրուղուց, որտեղ ցուցարարները բողոքի ակցիա էին իրականացնում։ Հիշեցնենք, որ Մուրադյանը երեկ ոստիկանների աչքի առաջ հարձակման էր ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից եւ տեղափոխվռլ հիվանդանոցԼ

Չնայած լրագրողի պնդումներին, որ ինքն իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում՝ ոստիկաններին ցույց տալով իր լրագրողական բեջը, այդուհանդերձ քաղաքացիական հագուստով անձինք նրան խցկել են մեքենա։

Մուրադյանն «Ազատության» հետ զրույցում պատմել է, որ ոստիկանությունն իրեն բռնի ուժով նստացրել է քաղաքացիական մեքենայի մեջ և փորձել տեղափոխել Աբովյանի բաժին։

Սակայն, ըստ լրագրողի, ոստիկանություն այնուհետև հրաման է ստացել իրեն տանել և թողնել այն նույն տեղը, որտեղից բերման են ենթարկել։

Ցույցերի ժամանակ բերման են ենթարկվել նաեւ տասնյակ այլ քաղաքացիներ, այդ թվում Դավիթ Սանասարյանն ու Աշոտ Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի որդին:

Սանասարյանը որոշ ժամանակ անց ազատ է արձակվել: