24.04.2018 14:35

Լիզա Ճաղարյան. Ես խախտում եմ ավանդույթը

Լիզա Ճաղարյան. Ես խախտում եմ ավանդույթը

Այսօր ես խախտում եմ Ցեղասպանության օրը միմիայն սգալու ավանդույթը։

Ես այսօր ժպտում եմ։

Միշտ եմ վստահ եղել եւ հիմա էլ վստահ եմ, որ 1915 թվականի ապրիլյան օրերի մեր անմեղ զոհերի եւ առհասարա՛կ մեր պատմության ընթացքում եղած բոլո՛ր անմեղ զոհերի, նաեւ՝ հանուն Հայաստանի անկախության, հանուն Արցախի ազատության բոլո՛ր զոհվածների հիշատակը սրբացնելու լավագույն  եւ միակ ճանապարհը Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների արժանապատիվ կյանքը պետք է լինի։

Արցունք թափելուց հեշտ բան չկա։ Դրա համար ճիգ ու ջանք, զրկանք չեն պահանջվում։ Դարերով արցունք թափելով ու ողբալով համարել ենք, որ մեր պարտքը կատարեցինք զոհերի հիշատակի առաջ, ինքնագոհ մզել ենք թաշկինակը ու շարունակել մեջքներս կքել մեր իսկ արգանդից ելած ենիչերիների առջեւ։ Արցունք թափելով ու ողբալով խուսափել ենք պատասխանատվությունից, ստամոքսի կծկումները շփոթել ենք սրտի զարկերի հետ, ճղճիմ ստրկամտությունը նույնացրել ենք հանդուրժողականության ու սիրո հետ։

Մեր ստրկաբարո գոյություն քարշ տալն ամեն օր, ամեն ժամ, ամեն ակնթարթ նորից ու նորից սպանում էր մեր  սուրբ նահատակներին, կսկծացնում նրանց լույս հոգիները։

Դեռեւս աղոտ, բայց այսօր երեւում է այն արահետը, որ մեզ տանելու է դեպի այն բարձունքը, որի մասին երազում էր 88-ի սերունդը, որի համար պայքարում էր 88-ի սերունդը։

Մեր սուրբ նահատակների հոգիները ժպտում են այս պահին։

Ես էլ եմ ժպտում։

Այդ ժպիտի պահպանման համար պետք է մոռանանք «նահանջ» բառը, պետք է ապրենք ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ պես, պետք է շարունակենք պաշտպանել մեր իրավունքները։