25.04.2018 11:53

Փաշինյան-Կարապետյան հանդիպումը չկայացավ. Երեկվա իրադարձություններն ամփոփ

Փաշինյան-Կարապետյան հանդիպումը չկայացավ. Երեկվա իրադարձություններն ամփոփ

Այսօր պետք է տեղի ունենային  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները, սակայն երեկ կեսգիշերին մոտ հայտնի դարձավ, որ նախատեսված բանակցությունները չեն կայանալու: Այդ մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը հրաժարվեց հանդես գալ այլ մեկնաբանություններով:

Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցելու է բացառեպես իշխանությունը փոխանցելու օրակարգով:

Իր հերթին՝ որոշ ժամանակ անց հայտարարությամբ հանդես եկավ Կարեն Կարապետյանը՝ նշելով, թե այդ հանդիպումը «ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ փնտրելու համար» պիտի լիներ:

Կարապետյանի տարբերակով՝ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, «քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաեւ հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչեւ մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբեւէ նման ձեւաչափով բանակցությունների մասին չեմ լսել»:

Միաժամանակ Կարապետյանը հայտարարել էր, թե դիմում է Հայաստանի նախագահին (Արմեն Սարգսյանին)՝ իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Ի պատասխան՝ Փաշինյանը կոչ արեց իր կողմնակիցներին արդեն չեղարկված բանակցությունների նախատեսված ժամին դուրս գալ փողոց եւ ապա գալ Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի:

«Վաղը 11.00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, շարունակելու եւ ավարտին հասցնելու ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»,- գիշերն այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Փաշինյանը:

Ավելի ուշ Փաշինյանը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ, որտղ անդրադարձավ արտահերթ ընտրությունների մասին Կարապետյանի հայտարարությանը:

«Երեկ Կարեն Կարապետյանը հայտարարեց մինչեւ արտահերթ ընտրություններ գնալու մասին։ Նրանք ուզում են, որ այդ ընտրությունները կայանան մի պայմաններում, երբ վարչապետի պաշտոնակատարը ՀՀԿ-ից է։ Մենք թույլ չենք տա, որ դա կայանա, կարող ենք բոյկոտել այդ ընտրությունները ու ոչ թե պասիվ ձեւով, այլեւ ակտիվ ձեւով` շրջափակելով ընտրատեղամասերը։

Եթե հասել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականին, առավել եւս կկարողանանք նաեւ հասնել ՀՀԿ-ի հրաժարականին։ Պարոն Կարեն Կարապետյան, ուզում եմ հստակ լինել. մենք ձեզ թույլ չենք տա, որ փորձեք նման գործողություններ իրականացնել։ Թավշյա հեղափոխության թեկնածուն պետք է նշանակվի վարչապետ, եւ որքան շուտ դա հասկանաք, այնքան լավ»։

Ըստ Փաշինյանի՝ այսօր մեկնարկող հանրահավաքային պայքարը կտեւի մեկ շաբաթ, եւ այդ մեկ շաբաթում ժողովուրդը պետք է ունենա իր վարչապետը։

Իր հերթին՝ այսօր առավոտյան հրավիրած մամլո ասուլիսում Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե իրենք «այսօր որեւէ սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դրել եւ չենք էլ դնում»: Նրա խոսքով, տրամաբանությունն այն է, որ քաղաքական ուժերը օրենքի սահմաններում նստեն քննարկեն, եթե որոշեն, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, եւ որոշեն ժամկետները, եւ բոլորը լինեն հավասար պայմաններում:

Միաժամանակ Կարապետյանը նշեց, թե չգիտի մի երկիր, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն ընտրվի հրապարակում, դրա համար, նրա խոսքով, գոյություն ունեն ընտրություններ։

«Դուք գիտե՞ք որևիցե երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք՝ եկեք անենք արտահերթ ընտրություններ, և եթե ժողովրդի ընտրյալն ինքն է, ինքը կգնա։ Այլ տարբերակ՝ Սահմանադրությունն այսօր չի արգելում Ազգային ժողովում իրենց ֆրակցիան ներկայացնել՝ իրենց թեկնածությունը, թող ներկայացնեն, և եթե հաղթեն, ապա այո՛, բայց մենք չենք կարող, հասկանո՞ւմ եք, սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով ասենք՝ «ես ժողովրդի ընտրյալն եմ, էս հատվածի ընտրյալն եմ, էն հատվածի ընտրյալն եմ», և այլն»,- հայտարարել է Կարապետյանը։