25.04.2018 12:13

Արմեն Սարգսյանը հանգուցալուծման ուղիներ որոնելու համար խորհրդակցություններ է սկսում

Արմեն Սարգսյանը հանգուցալուծման ուղիներ որոնելու համար խորհրդակցություններ է սկսում

Հայաստանի դե ֆակտո նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերթական անգամ երկխոսության կոչ է հնչեցրել:

«Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման եւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ եւ կշռադատված լուծումներ գտնել:

Այդ իմաստով չափազանց կարեւոր է կողմերի միջեւ երկխոսության մեկնարկը: Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններին եւ արտահայտված դիրքորոշումներին:

Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են:

Երկիրը եւ մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջեւ:

Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»,- հայտարարել է Սարգսյանը: