25.04.2018 13:18

Ինչու է Մոսկվայի արձագանքը չափազանց զուսպ Հայաստանի իրադարձություններին

Ինչու է Մոսկվայի արձագանքը չափազանց զուսպ Հայաստանի իրադարձություններին

Ռուսատանի պաշտոնական անձանց հայտարարությունները հանգում են փաստն արձանագրելուն՝ Հայաստանի ժողովրդի ընտրությունն ինքնիշխան է և բողոքարկման ենթակա չէ:

Կրեմլը,  ավանդաբար, բացասաբար է արձագանքում զանգվածային ցույցերի արդյունքում իշխանափախության փորձերին՝ դա համարելով Արևմուտքի թշնամական մեքենայությունների հետևանք: Ինչո՞ւ է այս դեպքում Մոսկվան չեզոքություն պահպանում:

Ֆյոդոր Լուկյանով, «Россия в глобальной политике» պարբերականի խմբագիր.

«Ամեն ինչ տեղի է ունենում բոլորովին այլ համատեքստում: Այսպես կոչված՝ «գունավոր հեղափոխությունները»  սոսկ իշխանափոխություններ չեն փողոցային ցույցերի ճանապարհով, դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է: … Այդ դարաշրջանն անցել է:

Հայաստանի դեպքում արտաքին (ոչ թե հրահրելու, այլ արտաքին ուժերի անգաժավորման իմաստով) բացահայտ և նույնիսկ թաքուն մասնակցություն տեսանելի չէ: Իսկապես, ցուցարարները, բավական ամբոխավարական հատկություններով օժտված մարդու գլխավորությամբ, բողոքում են ընդդեմ մի առաջնորդի, որն արդեն երկար է իշխել և, ամենակարևորը, չի կատարել հեռանալու իր խոստումը:

…Ով էլ Հայաստանում իշխանության գա և ինչպես էլ իրեն պահի՝ Հայաստանը փախչելու տեղ չունի: Խորապես թշնամական շրջապատում գտնվող այդ երկրի անվտանգության միակ գործունակ երաշխավորը Ռուսաստանն է: Եվ ոչ Եվրամիությունը, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Միացյալ Նահանգները  երբեք չեն ստանձնի այն պարտավորությունները, ինչ ստանձնում է Ռուսաստանը»:

Նիկոլայ Պետրով, քաղաքագետ.

«Կարծում եմ՝ այստեղ երկու գործոն կա: Մեկը քաղաքական ժամանակն է. այսօր ինտենսիվ  բանակցություններ են ընթանում հաջորդ կառավարության կազմի և ռազմավարության շուրջ: Երկրորդ՝ Հայաստանն աշխարհաքաղաքական իմաստով այնքան կախված է Ռուսաստանից, որ կարելի է չվախենալ նրա կողմնորոշման փոփոխությունից: … Այն իրատեսական պատկերացումը, թե ռուսամետ Հայաստանն այլընտրանք չունի, գերակշռում է:… Հիշեցնեմ, որ Պուտինի հետ Յուշչենկոյի առաջին հանդիպմանը Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե Կրեմլը միշտ պաշտպանում է գործող իշխանությանը և չի խառնվում այն ամենին, ինչ կատարվում է: Մենք հասկանում ենք, որ դա միշտ չէ այդպես, բայց Հայաստանը, թերևս, այն դեպքն է, որտեղ մոտավորապես հենց դա էլ տեսնում ենք»:

Թոմ դը Վաալ, Carnegie Endowment for International Peace-ի ավագ գիտաշխատող.

Հայաստանի աշխարհաքաղաքական հիմքը, հավանաբար, չի փոխվի: Կոնսենսուս ձեռք կբերվի արտաքին քաղաքականության հարցերում, Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի կոշտ դիրքորոշման հետևորդ է՝ ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի:

Ռուսաստանի հետ դաշինքն անհրաժեշտ է Հայաստանին: Սարգսյանն արդեն սկսել էր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործընթացը՝ Եվրամիության հետ առևտրային պայմանագրերի և երկրի տնտեսության մեջ հայկական սփյուռքի ավելի մեծ ներգրավվածության օգնությամբ: Այնպես որ՝ բողոքը  Ռուսաստանի կողմից անվտանգության ապահովման դեմ չէր, միգուցե՝ ռուսաստանյան  տնտեսական մոնոպոլիաների դեմ:

Ըստ BBC-ի