25.04.2018 15:49

Առանց առնետավազքի ի՞նչ իշխանափոխություն

Առանց առնետավազքի ի՞նչ իշխանափոխություն

Քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխությունների շրջանում առնետավազքը գրեթե անխուսափելի է։ Դեռ կհասցնենք առավել «շքեղ» տեսարանների ականատեսը դառնալ։ «Դեմ ըլլալով կողմ լինելով» եւ «կողմ ըլլալով դեմ լինելով»՝ մինչ օրս Հայ հեղափոխական դաշնակցությանը հաջողվել է երկրի վերջին երկու ղեկավարներից մի քանի պորտֆել կորզել։

Այս օրերին, համաժողովրդական հզոր ընդվզման ֆոնին օրեցօր ակնհայտ էր դառնում, որ դաշնակցության պորտֆելները վտանգված են, եւ ժամ առ ժամ գունափոխումն էլ այնքան անթաքույց է,  որ մեկնաբանություններն ավելորդ են։

Ապրիլի 17-ին Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթից մի հատված.

«Հարգելի խորհրդարան, հարգելի պարոն Սարգսյան, ես անցյալից չեմ խոսի: Մինչև այժմ արված-չարվածի գնահատականը պատմությունն ու ժամանակն են տալու: Տալու են և՛ մեր սերնդին, և՛ գլխավոր դերակատար անձանց: Տալու են՝ գրանցելով նաև այն արդյունքները, որ այս ընտրությամբ հնարավորություն է ստանում իրականացնել Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 19-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում.

«Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»:

Ապրիլի 21-ին ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը հայտարարություն է տարածում. «Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը»:

Իսկ ահա ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այս կուսակցության անորոշ եւ ծամծմված բառապաշարը փոխված է։ Ահա թե ինչ է պարզվում։ Պարզվում է.

«ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում»։

Արժե՞ շարունակությունն ընթերցել։ Ոչ, չարժե։ Ընդամենը կարելի է հռետորական հարց տալ դաշնակցական պարագլուխներին.

-Եթե գիտեիք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը «Հայաստանի զարգացման նոր փուլ է սկզբնավորելու», ինչու՞ էիք այդպես սրտակոտոր՝ պետության գլխին վարչապետ կարգում այդ «զարգացման փուլի սկզբնավորմանը»։

Պատասխանը բոլորս գիտենք։

Դաշնակցությունը փորձելու է ապագա իշխանությունից էլ պորտֆելներ մուրալ։

Կտան՝ կտան։ Իսկ եթե չտան, դե՝ ինչ արած, կշարունակեն «Ստամբուլն արյան ծով դարձնել» եւ սպասել «զարգացման նոր փուլի»։