25.04.2018 16:11

Հայտարարություն համաժողովրդական շարժման առաջադրած պահանջների իրագործման իրավական որոշ լուծումների վերաբերյալ

Հայտարարություն համաժողովրդական շարժման առաջադրած պահանջների իրագործման իրավական որոշ լուծումների վերաբերյալ

Հայտարարություն համաժողովրդական շարժման առաջադրած պահանջների իրագործման իրավական որոշ լուծումների վերաբերյալ.

Հաշվի առնելով Հայաստանում ծավալված շարժման համաժողովրդական բնույթը և առաջադրած՝ քաղաքական իշխանության փոփոխման պահանջը՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ դրա իրագործման իրավական լուծումներին և միջոցներին:
Ակնհայտ է, որ ժողովրդի քաղաքական նախընտրությունը խիստ տարբերվում է Ազգային ժողովում արտացոլված քաղաքական ուժերի առկա բաշխումից: Հետևաբար ոչ Ազգային ժողովը, ոչ դրա կողմից ձևավորված մարմինները չեն արտացոլում ժողովրդի կամքը քաղաքական ուժերի բաշխվածության տեսանկյունից: 
Ստեղծված իրավիճակում ակնհայտ է ֆորմալ իշխանության և ժողովրդի իշխանության միջև խզումը և այն, որ ֆորմալ իշխանությունը (ԱԺ-ի կայուն մեծամասնությունը) չի արտացոլում և համապատասխանում հրապարակի (ժողովրդի) կամքին: Հետևաբար ակնհայտ է, որ Սահմանադրական ճգնաժամից խուսափելու նպատակով հնարավորինս սեղմ ժամկետում անհրաժեշտ է ապահովել ժողովրդի իշխանության իրականացում ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ազատ ընտրությունների միջոցով: Մինչ այդ ԱԺ-ի փաստացի մեծամասնությունն ստեղծված քաղաքական իրավիճակում անխուսափելիորեն պարտավոր է հաշվի նստել հրապարակի (ժողովրդի) իշխանության հետ և ի կատար ածել հրապարակի առաջ քաշած քաղաքական լուծումը՝ ժողովրդի թեկնածուին Աժ-ի կողմից վարչապետի պաշտոնում ընտրելը: 
Ժողովրդի թեկնածուի՝ վարչապետի պաշտոնում առաջադրման և ընտրության գործընթացը քաղաքական գործընթաց է, որը ոչ մի կերպ Սահմանադրության խախտում չի առաջացնում և չի հակասում Սահմանադրությանը, քանի որ այդ գործընթացը կատարվելու է բացառապես Սահմանադրությամբ նախատեսված կարգով: 
Հենց այս պարզ ճշմարտությունը հաշվի չառնելը, և ֆորմալ իշխանությունը ժողովրդի իրական իշխանությանը հակադրելու փորձերն են ունակ առաջացնելու ճգնաժամ:
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին պետք է նախորդի ընտրական օրենսդրության (ՀՀ ընտրական օրենսգիրք, հարակից օրենսգրքեր և օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր) համալիր վերանայում՝ հաշվի առնելով ընտրական օրենսդրության և գործընթացների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի, տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունների գնահատականներն ու առաջարկությունները, ինչի նպատակը պետք է լինի ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի գաղտնի քվեարկությամբ իրացնելու օրենսդրական անհրաժեշտ և բավարար երաշխիքների ամրագրումը, ինչպես նաև ընտրական իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների, մեխանիզմների երաշխավորումը, առանց որի ընտրությունների արդարության և արդյունքների նկատմամբ վստահության հարցը հնարավոր չի լինի ապահովել։
Հիշյալ նպատակների արդյունավետ և վստահելի կերպով կյանքի կոչման համար անհարժեշտ է․
Ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող նոր կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ձևավորված նոր ԿԸՀ-ն պետք է ձեռնամուխ լինի ընտրական գործընթացում չափազանց կարևոր դերակատարում ունեցող տարածքային հանձնաժողովների նոր և անկախ կազմերի ձևավորմանը: Անհրաժեշտ է ձևավորել ժողովրդի կողմից մերժված իշխանությունից անկախ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմեր, որոնք կսպասարկեն ազատ և արդար ընտրությունները՝ ծառայելով հանրային շահին:
Հաշվի առնելով ընտրողների ստորագրված ցուցակների գաղտնիության վերացումը՝ պետք է հրապարակվեն կամ տրամադրվեն նախորդ ընտրությունների, այդ թվում 2015թ․ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրողների կողմից ստորագրված ցուցակները:

Իրավունքի Եվրոպա միավորում