26.04.2018 22:29

ԱՄՆ-ը գովաբանում է Հայաստանի ժողովրդին. «Ազատություն»

ԱՄՆ-ը գովաբանում է Հայաստանի ժողովրդին. «Ազատություն»

ԱՄՆ-ը գովաբանում է Հայաստանի ժողովրդին՝ երկխոսության մեջ մտնելու և սեփական ինքնիշխան ապագան ժողովրդավարական ու խաղաղ մեթոդներով ամրապնդելու համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Այսօր Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, երբ քննարկման է դրվել Հայաստանում ստեղծված իրավիճակը, կառույցում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամյանը հայտարարել է. «Առաջիկա օրերը պատմական հնարավորություն են Հայաստանի ու նրա առաջնորդների համար, որոնք ձեռնամուխ են եղել նոր կառավարության ձևավորմանը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել երկխոսությանը կառուցողական ձևով՝ Հայաստանի սահմանադրության շրջանակներում»:

Միացյալ Նահանգների դեսպանը վերահաստատել է՝ Վաշինգտոնը անհամբեր է սերտորեն աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում: «Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք գովելի ենք համարում Հայաստանի ժողովրդի մասնակցությունը ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով իրենց ինքնիշխան ապագան կերտելու երկխոսությանը»,-հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը՝ գովասանքի խոսքեր հնչեցնելով նաև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին՝ հրաժարականի և հայ-ամերիկյան ամուր հարաբերություններին նրա բերած ավանդի համար:

«Մենք ողջունում ենք թե ոստիկանությանը, թե խաղաղ հավաքների իրենց իրավունքն իրացնող քաղաքացիներին՝ զսպվածություն ցուցաբերելու և երաշխավորելու համար, որպեսզի վերջին երկու շաբաթների իրադարձությունները լինեն հիմնականում խաղաղ և առանց բռնությունների»,-ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը հատուկ ընդգծելով. «Փաստը, որ անցած մի քանի շաբաթների ընթացքում խոշոր բռնություն չարձանագրվեց, քաջալերող է»:

«Մենք շարունակում ենք հորդորել բոլոր կողմերին պահպանել զսպվածություն, խուսափել իրավիճակի որևէ սրացումից ու բռնի գործողությունից: Մենք ի գիտություն ենք ընդունում, որ իշխանությունները հետաքննություն են սկսել ըստ հաղորդումների, լրագրողների ու ցուցարարների դեմ իրականացված բռնության մի քանի դեպքերի շուրջ և ակնկալում ենք այդ միջադեպերի շուրջ ամբողջական ու թափանցիկ իրավական գործընթաց», - ըստ «Ազատություն»-ի՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամյանը: