03.05.2018 15:50

Ջուլիանի. Թրամփը վերադարձրել է լռելու դիմաց պոռնոդերասանուհուն վճարված գումարը

Ջուլիանի. Թրամփը վերադարձրել է լռելու դիմաց պոռնոդերասանուհուն վճարված գումարը

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, որ միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավախորհրդականների թիմին, հայտարարել է, որ Թրամփն անձամբ իր փաստաբան Մայքլ Քոենին վերադարձրել է այն 130 հազար դոլարը, որը վճարվել էր պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին, որպեսզի նա չխոսի Թրամփի հետ ենթադրյալ կապի մասին:

Ջուլիանիի հայտարարությունը տարբերվում է Թրամփի ասածից. նախկինում Թրամփը հայտարարել էր, թե ոչինչ չի իմացել պոռնոդերասանուհուն վճարելու մասին:

Ջուլիանին նաև նշել է, որ Դենիելսին վճարելու համար չեն օգտագործվել Թրամփի նախընտրական քարոզարշավի համար հանգանակված գումարներ:

Փետրվարի կեսերին Մայքլ Քոենը խոստովանել է, որ 2016 թ. Սթորմի Դենիելսին 130 հազար  դոլար է վճարել իր գրպանից: Փաստաբանն այն ժամանակ հրաժարվել էր նշել, թե ինչի համար է վճարել պոռնոդերասանուհուն:

Թրամփը պնդում է, որ որևէ կապ չի ունեցել Դենիելսի հետ:

Փոխանցում է BBC-ն: