04.05.2018 15:59

104-ամյա գիտնականը մեկնել է Շվեյցարիա՝ մեռնելու

104-ամյա գիտնականը մեկնել է Շվեյցարիա՝ մեռնելու

104-ամյա գիտնական Դևիդ Գուդոլը չորեքշաբթի հրաժեշտ է տվել Ավստրալիայում իր տանը և մեկնել աշխարհի մյուս ծայրը՝ կյանքն այնտեղ ավարտելու համար:

Հայտնի բնապահպանն ու բուսաբանը ոչ մի լուրջ հիվանդությամբ չի տառապում, բայց որոշել է արագացնել իր մահը, որովհետև ավելի ու ավելի է զգում շրջապատի օգնության կարիքը:

«Ափսոսում եմ, որ այսքան երկար եմ ապրել,- ասել է Գուդոլը ավստրալական հեռուստատեսությանն իր ծննդյան օրը տված հարցազրույցում:- Ես երջանիկ չեմ: Ես ուզում եմ մեռնել: Դա այնքան էլ տխուր չէ, բայց քեզ թույլ չեն տալիս դա անել»:

Բժշկական միջամտությամբ ինքնասպան լինելը թույլատրվում է Ավստրալիայի նահանգներից մեկում, և այն էլ՝ այն դեպքում, եթե մարդու մոտ անբուժելի հիվանդություն է ախտորոշվել:

Գուդոլին սպասում են Շվեյցարիայի մասնագիտացված կլինիկաներից մեկում, որտեղ նա կընդհատի իր կյանքը: Շվեյցարիայում բժշկական օգնությամբ սուիցիդը թույլատրված է 1942 թվականից: Դրանից հետո մարդուն ինքնակամ  կյանքից զրկվելու իրավունք տվող օրենքներ ընդունվել են շատ երկրներում, սակայն, մեծ մասամբ, դրա համար հիմնական պայման է հանդիսանում մահացու հիվանդության առկայությունը:

Փոխանցում է BBC-ն: