05.05.2018 15:18

Լևոն Տեր-Պետրոսյան. Կրկին պատգամավորին հրաժարական պարտադրելու հակասահմանադրականության մասին

Լևոն Տեր-Պետրոսյան. Կրկին պատգամավորին հրաժարական պարտադրելու հակասահմանադրականության մասին

Լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում պատգամավորների մանդատից հրաժարվելու պահանջի հակասահմանադրական լինելու մասին Տեր-Պետրոսյանի դիտարկմանը (iLur.am 02.05.2018), Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Իրավունք ունի իր տեսակետները հայտնել: Այո՛, պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց սա Դաշնակցությունն է: Մենք ունենք մեր ավանդույթը, հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքը հրաժարվում է: Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ: Այս կուսակցությունից այնքան մեծեր են հեռացվել (hayastan24.com, 03.05.2018):

Սույն քաղվածքում Ռուստամյանը կատարել է մի քանի էական արձանագրում:

Առաջին. «Տեր-Պետրոսյանն իրավունք ունի իր տեսակետները հայտնել»: Ըստ երևույթին, սա նշանակում է, որ ես երախտապարտ պետք է լինեմ Դաշնակցությանը` քաղաքացու սահմանադրական իմ իրավունքն ինձ մեծահոգաբար շնորհելու համար:

Երկրորդ. «Այո՛, պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով»: Այստեղ էլ Դաշնակցությունը մեծահոգաբար շնորհ է անում պատգամավորին` իր ունեցած սահմանադրական իրավունքից օգտվելու համար:

Երրորդ. «Մենք ունենք մեր ավանդույթը, հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքը հրաժարվում է: Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ: Այս կուսակցությունից այնքան մեծեր են հեռացվել»: Այսինքն, Սահմանադրությունը` սահմանադրություն, բայց իրենց համար դա որևէ նշանակություն չունի, քանի որ սա Դաշնակցությունն է, որն առաջնորդվում է ոչ թե Սահմանադրությամբ, այլ սեփական ավանդույթով և կանոնադրությամբ:

Մի խոսքով, Դաշնակցության համար իրենց ավանդույթն ու կանոնադրությունը վեր է Հայաստանի Սահմանադրությունից, որի ընդունման նախաձեռնողներից ու ջատագովներից մեկը հենց ինքն է եղել ու այդ Սահմանադրությամբ հաստատված ընթացակարգով հայտնվել Ազգային Ժողովում: Ավելի պարզ ասած` Դաշնակցությունը թքած ունի Հայաստանի Սահմանադրության վրա: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Հանրապետական կուսակցությանը` իր պատգամավորներին հրաժարական պարտադրելու նույնօրինակ վարքի պատճառով:

Թեև, ինչպես իմ նախորդ դիտարկման մեջ ես նշել էի, որ Հայաստանի բուռն իրադարձությունների ներկայիս փուլում իմ բարձրացրած հարցը կարող է մանրուք թվալ, շարունակում եմ պնդել, որ դա ամենևին մանրուք չէ, այլ իրավական պետության կայացման կարևորագույն պայման:

Ուստի, ես դիմում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և անձամբ վերջինիս նախագահ Արա Բաբլոյանին` հորդորելու հրաժարական ներկայացրած պատգամավորներին` ետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով: Եթե դա չարվի, կնշանակի, որ Սահմանադրությունը խախտել են ոչ միայն նշված կուսակցությունները, այլ նաև Ազգային ժողովի բոլոր պատգամավորները: Անթույլատրելի է, որ «Նոր Հայաստանն» իր գործունեությունն սկսի հակասահմանադրական առաջին իսկ քայլով: Դրանում իրենց հերթին եւ առավելապես պետք է շահագրգռված լինեն նաեւ ընթացիկ քաղաքական շարժման ղեկավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը: