07.05.2018 13:34

Լիզա Ճաղարյան. Ժողովրդի ասած՝ ինչի՞դ վրա ես էդքան ուրախ

Լիզա Ճաղարյան. Ժողովրդի ասած՝ ինչի՞դ վրա ես էդքան ուրախ

Այսօրվա ճեպազրույցին ներկայացած ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեւի վստահ է, որ իր «տոնական» տրամադրությունը շատ համոզիչ է։ Եվ նույնիսկ՝ վարակիչ։ Ավելին, հավանաբար կարծում է նաեւ, որ լրագրողների առաջ ցուցադրած խնդլիկությունը պատվաբեր է իր եւ իր կուսակիցների համար։

Եթե հակառակը մտածեր, եթե մի քիչ խոր մտածելու ընդունակություն ունենար, ինքն էլ, իր «զվարթ եւ առույգ» կուսակիցներն էլ, ժողովրդի լեզվով ասած՝ մի քիչ համեստ կպահեին իրենց, էլ չասեմ՝ ստեղծված իրավիճակին էլ՝ գեթ մի քիչ հարիր։

Ծիծաղելի է առնվազն, որ իշխանությունը շռնդալից կորցրած, անգլուխ մնացած նախկին ամենակարող կուսակցության պարագլուխները փորձում են վերստին ընդգծել, թե իբր՝ բան չի պատահել, եւ իրենք շատ բարձր տրամադրություն ունեն ու նախկինի պես ինքնավստահ են։

Բայց ծիծաղելին՝ ոչինչ։ Կարելի է նաեւ ներել, ներողամտորեն ժպտալ նրանց այս զավեշտալի, սերիալական մակարդակի դերակերտումների վրա, կարելի է կասկածել, որ նենգ մտադրություններ ունեն, որոնց հաջողությանը հավատում են, բայց եթե...

Մի շատ կարեւոր «բայց եթե» կա։

Բայց եթե՛ մի պահ մոռանանք, թե ինչու հանկարծ՝ մի քանի օրվա ընթացքում այս մարդիկ կորցրին իշխանությունը։

Իսկ մոռանալ հնարավո՞ր է, թե ինչպես Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիները մի քանի օրվա ընթացքում միահամուռ ոտքի կանգնեցին ու պահանջեցին իշխող կուսակցության անհապաղ հեռացումը, ինչը նշանակում է՝ այս կուսակցությանն «ընտրած» ժողովուրդը, շատ մեղմ ասած՝ մերժեց իր «ընտրյալներին»։

Եվ այս պարագայում տոնական տրամադրության ցուցքն ընդամենը կրկին ու կրկին ապացուցում է, որ այս կուսակցության առաջին դեմքերին եւ սրանց մանկլավիկներին երբեք չեն հետաքրքրել Հայաստանի քաղաքացիների ցանկությունները, դժգոհություններն ու կարիքները։

Եթե հետաքրքրեին, հիմա սրանք ոչ թե էժանագին վոդեւիլ կխաղային ծիծաղելի ծամածռությունների անճարակ օգնությանը դիմելով, այլ «խեղճ Յորիկի» գանգը կգրկեին, հասարակության հասցրած «անսպասելի» ու հուժկու ապտակից կքարանային ու խոսելու կարողությունը կկորցնեին։

Սապատավորին գերեզմանը կուղղի. հո իզուր չի ասված։