07.05.2018 16:05

Թուրքիայում քաղաքական ուժերը նախապատրաստվում են արտահերթ ընտրությունների

Թուրքիայում քաղաքական ուժերը նախապատրաստվում են արտահերթ ընտրությունների

Թուրքիան կշարունակի գործողությունները Իրաքում և Սիրիայում և բոլոր անհրաժեշտ քայլերը  կձեռնարկի իր սահմաններից ահաբեկչական սպառնալիքը հեռացնելու համար: Այդ մասին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ստամբուլում, իշխող Արդարության և զարգացման կուսակցության կոնգրեսում: Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիան «քայլ առ քայլ» վերածվում է «տարածաշրջանի ամենաուժեղ երկրի»:

«Ինչպես և անցյալում, այսօր էլ մենք պաշտպանում ենք դեմոկրատիան, ազատությունը և մարդու իրավունքները, շարունակելու ենք  այսուհետ ևս պաշտպանել այդ սկզբունքները: Բացի այդ՝ մենք պետք է ուժեղ և անկախ լինենք: Եվ այդ երկու մոտեցումները միմյանց չեն բացառում, այլ, ընդհակառակը, լրացնում են»:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Էրդողանը հանդես կգա որպես իշխող կուսակցության և ծայրահեղ աջ՝ Ազգայնական շարժում կուսակցության դաշինքի թեկնածու: Ընտրություններից հետո երկրում պաշտոնապես ուժի մեջ կմտնեն կառավարման նախագահական համակարգ սահմանելու վերաբերյալ լրացումները:

Հիմնական ձախակողմյան ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է քաղաքական շարժման ղեկավար Մուհարեմ Ինջեին:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության թեկնածուն այդ ուժի նախկին համանախագահ Սելահատին Դեմիրաշն է, որն այս պահին բանտում է:

Մայիսի 13-ին, թեկնածուներին հաստատելուց հետո, երկրում պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը:

Փոխանցում է euronews-ը: