08.05.2018 12:15

Մայիսի 5-ին Մոսկվայում ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվել

Մայիսի 5-ին Մոսկվայում ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվել

Երկուշաբթի երեկոյան մոսկովյան ոստիկանությունն ազատ է արձակել անցյալ շաբաթ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցների ցույցը դաժանորեն ցրելիս գրեթե բոլոր բերման ենթարկվածներին:

«ОВД-Инфо» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ մայիսի 5-ին Ռուսաստանի բոլոր քաղաքներում ձերբակալվել է 1600 մարդ: Ամենազանգվածային ձերբակալությունները կատարվել են Մոսկվայում՝ 719 մարդ, Պետերբուրգում՝ 217, և Չելյաբինսկում՝ 185:

Մոսկվայի դատարանը, վկայակոչելով ոստիկանական արձանագրություններում առկա սխալները, պարզապես հրաժարվել է քննել ձերբակալվածների գործերը, ընդամենը մեկ բացառությամբ՝ Ուկրաինայի մի քաղաքացի դատապարտվել է տասնօրյա վարչական կալանքի:

«ОВД-Инфо»-ի համակարգող Գրիգորի Դուրնովոյի կարծիքով՝ անցյալ շաբաթ իշխանություններն ավելի «դաժան» են արձագանքել, քան 2017 թ. մարտին Նավալնու «Նա ձեզ համար Դիմոն չէ» զանգվածային ցույցի ժամանակ էր:

«Այժմ մենք հակառակն ենք տեսնում: Մարդկանց բռնում են, ընդ որում՝ ուժի ակնհայտ կիրառմամբ: Չեմ կարող ստույգ ասել, թե դա ինչի հետ է կապված: Գուցե պատճառը պաշտոնակալության նախօրեն էր, կամ Հայաստանի վերջին դեպքերը, նաև այն, որ տեսան՝ մարդիկ պատրաստ են փողոց դուրս գալ, երբ Նավալնին ելույթ ունեցավ «Տելեգրամի» պաշտպանությանը նվիրված հանրահավաքում: Շատ գործոններ կարող են լինել»,- ասել է Դուրնովոն:

Ըստ էության՝ իշխանությունների նոր մարտավարությունը՝ ձերբակալել, բայց չկալանավորել, դրսևորվել է միայն Մոսկվայում: Պետերբուրգում և շրջաններում դատարանները վարչական կալանքի մասին բազմաթիվ որոշումներ են կայացրել:

Փոխանցում է BBC-ն: