13.05.2018 14:52

«Հադերսֆիլդ» – «Արսենալ». խաղից առաջ

 «Հադերսֆիլդ» – «Արսենալ». խաղից առաջ

ԱՊԼ, 38-րդ տուր, կիրակի, մեկնարկը՝  18:00, Անգլիա, Հադերսֆիլդ, «Ջոն Սմիթ» մարզադաշտ

Մրցավար՝ Մայքլ Օլիվեր 

Անգլիայի առաջնության վերջնամասում ոչ բոլոր մասնակիցներն են պահպանել գոհացուցիչ արդյունքի հասնելու մոտիվացիան: Կարելի է ասել, որ «Արսենալը» նույնպես ձախողել է և արդեն ոչ մի կերպ չի կարող բարելավել իր դիրքերը:

ԱՊԼ-ի ամենաաղքատ թիմի՝ «Հադերսֆիլդի» հերոսական պայքարը առաջնությունում տեղը պահպանելու համար, ավարտվել է հաղթանակով:  Միավորներ վերցնելով 4-րդ տեղը զբաղեցնելու հնարավորությունը պահպանող «Չելսիից»՝ այս թիմը խուսափեց առաջնությունից դուրս մնալու վտանգից: «Սթեմֆորդ Բրիջում» դրական արդյունք գրանցելուց հետո  ֆուտբոլիստները խնդրեցին  մարզչին տուն գնալ ոչ թե ինքնաթիռով, այլ ավտոբուսով: Բոլորն էլ ուզում էին ավելի երկար հաճույք ստանալ իրենց պարտքը կատարած համարելու գիտակցությունից: Այս թիմի համար տոնը  շարունակվեց ևս 2 օր: Դավիթ Վագները  բոլորին պարգևատրեց 2-օրյա վաստակած հանգստով: «Հադերսֆիլդը» կարող է ավարտել առաջնությունը 14-րդ տեղում և այժմ հավակնում է 8-ից 14 մլն. ֆունտ պարգևավճար ստանալուն:

«Արսենալը» այս մրցաշրջանում հպարտանալու արդյունք չի գրանցել, և Արսեն Վենգերը հրաժեշտի մրցաշրջանն ավարտում է ցածր ցուցանիշով: «Զինագործները» մրցաշրջանի վերջնամասում բավականաչափ հեռու  են լավագույն քառյակից, պարտվելով  «Ատլետիկոյին», չկարողացան դուրս գալ Եվրոպայի լիգայի եզրափակիչ և զրկվեցին Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքից: Դեռ ավելին՝ «Արսենալը» այս տարի արտագնա հանդիպումներում դեռ ոչ մի միավոր չի կարողացել վաստակել. Արսեն Վենգերի թիմը հյուրընկալվելիս 7 անընդմեջ պարտություն է կրել: Վերջինը այս շաբաթվա միջնամասում էր, «Լեսթերի» հետ հանդիպման ժամանակ (1:3): Ուշագրավ է, որ այս հանդիպումից հետո մարզիչը ամենևին էլ չի նախատել իր ֆուտբոլիստներին.

«Կարծում եմ մեր թիմը հաջող հանդիպում անցկացրեց: Ունեինք բազմաթիվ գոլային պահեր և տղաները շարունակ պայքարի մեջ էին: Կարող էինք հաղթել նույնիսկ 10 խաղացողներով, սակայն 11 մետրանոցը բեկեց հանդիպման ընթացքը: Ինչ վերաբերում է կարմիր քարտի դրվագին, ապա կարող եմ ասել, որ որոշակի կասկածներ կան մրցավարի որոշման հետ կապված: Խաղի մեկնարկին 10 ֆուտբոլիստներով մնալն ինչ-խոսք ծանր հարված էր մեզ համար: Ակնհայտ է մի բան, մեր ֆուտբոլիստները մարտական ոգի դրսևորեցին: Մրցաշրջանը մոտենում է ավարտին և կարող եմ ասել, որ ինձ զայրացնում է այն, որ Պրեմիեր լիգան դեմ էր քվեարկել տեսակրկնապատկերների համակարգի օգտագործմանը: Նման անմիտ որոշումն ուղղակի «սպանեց» ինձ: Բոլորին է հայտնի, որ Անգլիայի Պրեմիեր լիգան միշտ առաջինն է եղել աշխարհում: Իսկ հիմա մենք զիջում ենք դիրքերը, քանզի մյուս առաջնությունները ապահովագրված են մրցավարական խայտառակ սխալներից, իսկ մենակ ոչ: Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք: Ես շնորհավորում եմ «Լեսթերին», որը պայքարեց և վաստակեց 3 միավոր»,- ասել է Վենգերը:

Անշուշտ, մարզչի դիտարկումների մեջ կան ճշմարիտ խոսքեր, բայց ընդունենք նաև, որ այսօր թիմը չունի անհրաժեշտ ռեսուրս ճգնաժամային իրավիճակներում դրական արդյունք ապահովելու համար: Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեք Պարլոլը ևս անդրադարձել է զինագործների ցուցադրած խաղին նշելով, որ ներկայիս կազմով «Արսենալը» գալիք մրցաշրջանում չի կարող դիմադրություն ցույց տալ «Մանչեսթեր Յունայթեդին», «Չելսիին», «Լիվերպուլին», «Տոտենհեմին» և «Մանչեսթեր Սիթիին»: «Այս պահին «Արսենալը» բավական ծանր իրավիճակում է: Նոր մարզչի համար դժվար կլինի ներկայիս կազմով լուրջ արդյունքների համար պայքարելը: Վստահաբար կարող եմ ասել, որ «Արսենալին» անհրաժեշտ է տրանսֆերային պատուհանի ընթացքում 250 միլիոն ֆուտն ծախսել մրցունակ կոլեկտիվ ձևավերելու համար: Ես տեղյակ եմ, որ նոր մարզչի առաջ խնդիր է դրվելու տեղ զբաղեցնել Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում: «Արսենալի» ղեկավարները չեն ցանկանում գումար ծախսել, բայց նրանք ստիպված կլինեն ծախսել եթե ցանկանում են տեղ ունենալ քառյակում»,- ասել է Պարլոլը:

Անշուշտ, այս մրցաշրջանում Արսեն Վենգերի թիմն աչքի է ընկել խայտառակ ցուցանիշով՝ բաց թողնելով 51 գնդակ: Անգլիայի Պրեմիեր լիգայում վերջին անգամ «Արսենալը» 50-ից ավելի գոլ էր բաց թողնել 1983-1984 թթ․ մրցաշաշրջանում:

«Հենդերսֆիլդի» հետ խաղում Վենգերը մի քանի փոփոխություններ կանի մեկնարկային կազմում, որոնցից մի քանիսը պարտադրված կլինեն: Օրինակ, Մուստաֆիի  հայտնվելը որակազրկած Մավրոպանոսի փոխարեն: Մեկնարկային կազմի մյուս փոփոխությունները կարող են պայմանավորված լինել «Լեսթերի» հետ հանդիպումը  բաց թողած Ջեկ Ուիլշերի և Ալեքսանդր Լյակազետի վերադարձով:

Այս պահին «Արսենալը» 60 միավորով շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում: Ինչևէ, Անգլիայի Պրեմիեր լիգայի 20017-2018 թթ խաղարկության վերջին հանդիպումը «Արսենալը» կանցկացնի այսօր՝ հյուրընկալվելով «Հադերսֆիլիդին»: Մենք բոլորս Հենրիխ Մխիթարյանից և նրա թիմից հաղթանակ ենք ակնկալում: