14.05.2018 09:15

«Լևանտե»-«Բարսելոնա»՝ 5:4. կատալոնացիների անպարտելի հանդիպումների ռեկորդային շարքն ընդհատվեց վերջին խաղում (տեսանյութ)

«Լևանտե»-«Բարսելոնա»՝ 5:4. կատալոնացիների անպարտելի հանդիպումների ռեկորդային շարքն ընդհատվեց վերջին խաղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնան» առանց Լիոնել Մեսսիի Պրիմերայի նախավերջին տուրում հյուրընկալվեց Վալենսիայի «Լեւանտեին» եւ սենսացիոն պարտություն կրեց 4:5 հաշվով: Իսպանիայի առաջնությունում կատալոնական ակումբի ռեկորդային անպարտելի շարքը չշարունակվեց 44-րդ խաղում:

Դաշտի տերերն ակտիվ սկսեցին խաղը եւ հաշիվը բացեցին 9-րդ րոպեին: 2 րոպե անց «Լեւանտեն» կարող էր նաեւ կրկնապատկել առավելությունը, սակայն կորցրեց իրական գոլային պահ: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» չէր կարողանում ստեղծել գոլային պահեր, մինչդեռ այդ ընթացքում վալենսիացիներին հաջողվեց խփել նաեւ երկրորդ գոլը: 30-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ «Լեւանտեի» գանացի 21-ամյա հարձակվող Էմանուել Բոատենգը: Խաղակեսի վերջնամասում կատալոնական ակումբը մեծացրեց ճնշումը եւ կարողացավ կրճատել հաշիվը: 38-րդ րոպեին անդրադարձի օգնությամբ աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասը սարսափելի էր «Բարսելոնայի» համար: Մինչեւ 56-րդ րոպեն «Լեւանտեն» խփեց եւս 3 գոլ: Էմանուել Բոատենգը ձեւակերպեց հեթ-տրիկ, իսկ մակեդոնացի կիսապաշտպան Էնիս Բարդին խփեց 2 գոլ: Բոատենգը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որն այս մրցաշրջանում հեթ-տրիկի հեղինակ դարձավ կատալոնացիների դեմ խաղում: «Բարսելոնան» չհանձնվեց եւ մինչեւ 70-րդ րոպեն պատասխանեց 3 գոլով: Նախ եւս 2 գոլ խփեց եւ հեթ-տրիկ ձեւակերպեց Կոուտինյոն, իսկ հետո ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: Վերջնամասում կատալոնական ակումբն ունեցավ գոլային պահեր, սակայն խաղը փրկել չհաջողվեց: 6-րդ գոլը խփելու իրական շանս ունեցավ նաեւ «Լեւանտեն»:

«Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում եւ մրցաշարային աղյուսակը գլխավորում է 90 միավորով: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոն» հետ է 12 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Ռեալը»՝ 15: «Լեւանտեն» 46 միավորով 15-րդն է:

(տեսանյութ)

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր

«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 5:4

Էմանուել Բոատենգ, 9, 30, 49, Էնիս Բարդի, 46, 56 – Ֆելիպե Կոուտինյո, 38, 59, 64, Լուիս Սուաերս, 70 (11մ)