14.05.2018 15:24

Պուտին. Մոսկվան Երևանի հետ ակտիվորեն կհամագործակցի

Պուտին. Մոսկվան  Երևանի հետ ակտիվորեն կհամագործակցի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Հայաստանի նոր կառավարության պայմաններում Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները կազարգանան ոչ պակաս դինամիկ, քան նախկինում էր:

«Ուզում եմ հաջողություններ մաղթել ձեզ կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ոհայտնել, որ մեր հարաբերությունները նույնքան առաջընթաց զարգացում կունենան, որքան դա եղել է մինչ օրս»,- ասել է Պուտինը Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպմանը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը «Հայաստանը դիտարկում է որպես մեր մերձավոր գործընկերն ու դաշնակիցը տարածաշրջանում»՝ հավելելով, որ դա վերաբերում է և տնտեսական փոխհարաբերությանը, և անվտանգության հարցերին: Պուտինը հույս է հայտնել, որ այն «լավ արդյունքները», որ վերջին ժամանակներս դրսևորում է ՌԴ-ի և Հայաստանի տնտեսական համագործակցությունը, «կհաջողվի ոչ միայն պահպանել, այլև բազմապատկել»:

Պուտինը հավաստիացրել է, որ «Մոսկվան  Երևանի հետ ակտիվորեն կհամագործակցի նաև միջազգային ասպարեզում, միջազգային կառույցներում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը միշտ պաշտպանել են միմյանց, վերջացրած մեր տարածքային կազմակերպություններով՝ և՛ անվտանգության ոլորտում, և՛ տնտեսական զարգացման բնագավառում»:

Իր հերթին՝ Փաշինյանը հայտարարել է. «Կան բաներ, որոնք քննարկման ենթակա չեն՝ դա  ռազմավարական գործընկերությունն է Հայաստանի և Ռուսաստանի միջև, այդ հարցում Հայաստանում կոնսենսուս գոյություն ունի»: Նա նաև հույս է հայտնել, որ ռազմատեխնիկական բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կզարգանան: Այդ կապակցությամբ Փաշինյանը հիշել է Մայիսի 9-ի շքերթը՝ արտահայտելով իր «հիացմունքը ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի նվաճումների առիթով»:

Հայաստանի նոր վարչապետը հատուկ ընդգծել է. ««Մենք շատ բարձր ենք գնահաում այն հավասարակշռված դիրքորոշումը, որ դրսևորեց Ռուսաստանը մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում»: «Դա չափազանց կառուցողական դիրքորոշում էր: Եվ ես կարծում եմ, որ դա բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության, այլև առհասարակ հայ հասարակության կողմից»,- հայտարարել է Փաշինյանը:

Փոխանցում է tass.ru-ն: