14.05.2018 22:26

Սերգո Տոնոյան․ Պղպջակի պես պայթած ինտելեկտուալը

Սերգո Տոնոյան․ Պղպջակի պես պայթած ինտելեկտուալը

Պաշտպանության՝ բարեբախտաբար արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հաշված օրերի ընթացքում ոչ միայն հասցրեց ի ցույց դնել իր, մեղմ ասած՝ անտեղյակությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տարրական մանրամասների վերաբերյալ, այլ նաեւ ապացուցեց իր իսկ արտահայտած մտքերի սնանկությունը:  

Չունենալով քաջություն խոստովանելու, որ օրերս իր արտահայտած՝ «…միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ»» միտքը ոչ միայն բացահայտ սխալ է, այլ նաեւ խիստ վնասակար թե Հայաստանի, թե առավել եւս Արցախի համար, Վիգեն Սարգսյանը մերկապարանոց այլ հայտարարություններով փորձում է խուսափել հարցի էությունից:

Այնինչ, ակնհայտ է, որ վերջինս, եթե անգամ ժամանակին չի կարողացել զսպել իրեն եւ անհարկի միջամտել ու կարծիք է արտահայտել Արցախի հարցի վերաբերյալ, ապա դրանից հետո գոնե պետք է լռեր: Սարգսյան Վիգենի այսպիսի վարքագիծը ցույց է տալիս, որ կա՜մ նա իսկապես չի հասկանում ինչպիսի անհեթեթություն է արտաբերել, կամ միտումնավոր կերպով մանիպուլյացիաների է դիմում։

Մենք, իհարկե, հակված ենք մտածել, որ Սարգսյանը չի հասկացել իր սխալը, սակայն հենց նրա որդեգրած՝ հարցից խուսափելու, խեղաթյուրելու կամ շեղելու մարտավարությունը հակառակն է ապացուցում։ Սրանով՝ տարբեր շրջանակներում բարձր ինտելեկտուալի համբավ ունեցող Վիգեն Սարգսյանի փուչիկը պղպջակների պես պայթում է։ Վստահաբար, դեռեւս առիթ կլինի անդրադառնալու նախկին նախարարի այսօրվա հայտարարությունների այլ մանրամասներին, սակայն վերջինիս «ինտելեկտուալության» եւս մեկ դրսեւորում պարզապես հնարավոր չէ շրջանցել։ Տխրահռչակ «Ազգ-բանակը» որպես «դարերի խորքից եկած հայեցակարգ» ներկայացնելու՝ Վիգեն Սարգսյանի փորձն ապացուցում է, որ նա ոչ միայն նորմալ չի տիրապետում մեր պետության նորագույն շրջանի պատմությանը, այլեւ ակնհայտորեն կաղում է ամբողջ հայոց պատմությունից։ Որովհետեւ նման արտահայտություն անող ցանկացած ինտելեկտուալ կբարեհաճեր դարերի խորքը գնացող պատմությունից գեթ մեկ օրինակ, վկայություն կամ փաստ բերել։

Դրանց բացակայության պարագայում մեզ մնում է միայն հուսալ, որ նախարարի պաշտոնից ազատվելու կապակցությամբ ձեռք բերած ազատ ժամանակը Վիգեն Սարգսյանը խելամտորեն կօգտագործի պակաս գիտելիքները լրացնելու համար։