15.05.2018 10:00

Պարզաբանում. ԼՂ-ին վերջին անգամ որպես հակամարտության կողմ առաջարկ է ներկայացվել 1998-ին

Պարզաբանում. ԼՂ-ին վերջին անգամ որպես հակամարտության կողմ առաջարկ է ներկայացվել 1998-ին

Երեկ որոշ լրատվամիջոցներ լուր տարածեցին, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին, և որն առնչվում էր Լեռնային Ղարաբաղին՝ որպես հակամարտության կողմ, կարգավորման գործընթացից դուրս թողնելուն։ Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը հերքեց արձագանքի իսկությունը՝ սույնը ներկայացնելով որպես կայքի խմբագրության կարծիք։

Հաշվի առնելով, սակայն, որ այդ «արձագանքն», այնուամենայնիվ, տարածվել է լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով և կարող է մոլորեցնել ու շփոթի մատնել հասարակությանն այս կարևոր խնդրի ընկալման հարցում՝ նպատահարմար ենք համարում վերահրապարակել 2016 թ․ ապրիլի 15-ին մեր կայքում պատմաբան Աշոտ Սարգսյանի հրապարակած հոդվածից մեկ հատված, որտեղ մանրամասն ներկայացվում են Լեռնային Ղարաբաղին հակամարտության կարգավորման գործընթացից դուրս թողնելու փաստական հանգամանքները։

 

«Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից»

Նկատի ունենալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս հարցին ոչ մեկ անգամ անդրադարձել է մանրամասն ու սպառիչ, ստորեւ մեջբերենք այդ անդրադարձներից.

1. «Ի՞նչ պատճառով է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխիթար վիճակին։ Առաջին եւ գլխավոր պատճառն, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի դուրսմղումն է այդ գործընթացից։ Քաղաքական գործիչներից ու իշխանամետ քաղաքագետներից շատերը թերագնահատում են այս փաստի նշանակությունը, իսկ ոմանք՝ նաեւ աղավաղում նրա էությունը, այն հանգեցնելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին։ Այնինչ հակամարտության կողմ լինելու իրողության էությունը ոչ թե այդ ֆորմալ հանգամանքն է, այլ այն, որ մինչեւ 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաեւ Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կարգավորման որեւէ տարբերակի իրագործման համար։ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը լիովին իրավահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով։ Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձեւացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական։

Վերջին գրավոր առաջարկը, որ ներկայացվել է Ղարաբաղին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է։ Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան եւ Մադրիդյան տարբերակները, ներկայացվել են միայն Ադրբեջանին եւ Հայաստանին։ Այսինքն, 1999 թվականից սկսած՝ Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեեւ դե յուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռքբերված այդ կարգավիճակը։ Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերեւս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե համանախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի ջանքերով։ Նրանք գործել են բանական հիմնավորում եւ արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետեւանքները ծանր են նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա» (2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթից)։

2. «Ղարաբաղի հարցում էլ մեր իշխանությունները, ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանը, գործեց մի ճակատագրական սխալ, որի տակից մենք դուրս չենք գալու երբեք: Դա Սերժի սխալը չէր, Սերժն այն ժամանակ պաշտպանության նախարար էր եւ մեղավոր է այնքանով, որ այդ իշխանության մասն էր, բայց որոշողը նախագահն էր: Եւ այդ սխալը Ռոբերտ Քոչարյանը կտակեց Սերժ Սարգսյանին: Դա Ղարաբաղին հակամարտության կողմի կարգավիճակից զրկելն էր, նրան բանակցությունների ձեւաչափից դուրս շպրտելը: Ի՞նչ ասաց Ռոբերտ Քոչարյանը. ասաց` Ղարաբաղի նախագահ եմ եղել, հիմա Հայաստանի նախագահ եմ, ես կարող եմ ներկայացնել ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը, պետք չի, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: Այնպիսի մի նվեր արեց Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը, որ նրանք ապշեցին: Նույնիսկ այնքան միամիտ էր, որ չկարողացավ այդ նվերը ծախել, ձրի տվեց, էժան, կոպեկով, ինչ է թե` միջազգային հանրությունը ասի` տեսեք ինչ տղա է, ինչ լայնախոհ է, ուզում է լուծել Ղարաբաղի հարցը: Ադրբեջանի ամբողջ պայքարը 90-ական թվականներին մեր դեմ, մեր դիվանագիտության դեմ, եղել է՝ անել ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին: 1992 թվականին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր արտաքին գործերի նախարարը, եւ ձեւավորվեց Միսնկի խումբը, մեզ հաջողվեց Մինսկի խմբում ունենալ հետեւյալ բանաձեւը, որ բանակցություններին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղի ընտրյալ իշխանությունները: Դրանով արդեն դրված էր Ղարաբաղի կարգավիճակի հիմքը`«ընտրյալ իշխանությունները»: Իսկ երկարատեւ պայքարից հետո կամ, ավելի ճիշտ, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո միջազգային հանրությունը 1994 թվականին ստիպված եղավ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Ղարաբաղը ճանաչել որպես հակամարտության իրավահավասար՝ Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար, լիարժեք կողմ: Դա նշանակում է, որ Մինսկի խմբի կամ միջազգային հանրության ներկայացրած կարգավորման ցանկացած ծրագիր պետք է արժանանար միաժամանակ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հավանությանը: Եւ դա կիրառվեց, գործի մեջ դրվեց երկու անգամ: 1997 թվականին Մինսկի խմբի համանախագահությունը հակամարտող կողմերին` Հայաստանին, Ադրբեջանին, Ղարաբաղին ներկայացրեց կարգավորման, այսպես կոչված, «փաթեթային» տարբերակը: Հայաստանը եւ Ադրբեջանն ընդունեցին այդ տարբերակը, Ղարաբաղը վետո դրեց դրա վրա, չհամաձայնեց: Վերջ, ոչ ոք չբողոքեց, ոչ մի աղմուկ չեղավ, որովհետեւ Ղարաբաղն ուներ վետո դնելու, չընդունելու իրավունքը, եւ այդ ծրագիրը դրվեց մի կողմ: Մի քանի ամիս հետո բերեցին «փուլային» տարբերակը։ Նորից Հայաստանը եւ Ադրբեջանն ընդունեցին այդ տարբերակը, Ղարաբաղն ասաց`ոչ։ Ասին` շատ լավ, եւ ետ տարան այդ թուղթը: 1998 թվականին վերջին անգամ բերեցին «ընդհանուր պետության» տարբերակը: Այս անգամ արդեն Հայաստանը, Ղարաբաղը համաձայնեցին, Ադրբեջանն ասաց` ոչ: 1998 թվականից հետո Ղարաբաղն այլեւս չկա բանակցություններում որպես հակամարտության կողմ, միջազգային հանրության համար այդպիսի դիվանագիտական կամ բանակցային սուբյեկտ գոյություն չունի: Հիմա բոլոր ծրագրերը ներկայացնում են միայն Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ցավում եմ, բայց սա այլեւս անշրջելի է»։ (Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012թ. ապրիլի 20-ի հանրահավաքում):

Ինչպես դժվար չէ նկատել, Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ամենուր հստակ վերաբերում է ԼՂՀ՝ որպես հակամարտության կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատին։ Օսկանյանը խոսում է բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցել- չմասնակցելու մասին, ինչը բացարձակապես կապ չունի խնդրի էության հետ եւ կամ ուղղված է այդ էությունը խեղաթյուրելուն։ Կրկնենք. հակամարտության կողմի մանդատը ենթադրում էր, որ եռանախագահության կողմից արված կարգավորման առաջարկները ներկայացվում էին հավասարապես՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Ղարաբաղին, որոնցից յուրաքանչյուրն այդ առաջարկները մերժելու, այսինքն՝ վետոյի իրավունք ուներ։ Սա էր առաջնայինը, մանդատի էությունը։ Ահա որպես հակամարտության կողմ, ԼՂՀ-ն, ընդհուպ մինչեւ 1998 թ., Մինսկի խմբից, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին, ստացել է կարգավորման երեք փաստաթուղթ՝ «Փաթեթային», «Փուլային» եւ «Ընդհանուր պետություն»՝ օժտված դրանց վրա «վետո» դնելու իրավասությամբ։ Եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ամենուրեք Ղարաբաղի՝ հակամարտություն կողմի մանդատի մասին է։

 

Եւ վերջապես, եթե, Օսկանյանի պնդմամբ, Ղարաբաղը հակամարտության կողմի կարգավիճակը կորցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, ապա ինչպես կբացատրի, որ նրա հրաժարականից հետո էլ՝ 1998 թվականին, համանախագահների կողմից Հայաստանին, Արդբեջանին ու նաեւ Ղարաբաղին է ներկայացվել «Ընդհանուր պետության» առաջարկը։ Այ, դրանից հետո է, որ Ղարաբաղին այլեւս ոչինչ չի ներկայացվել։

․․․ Մեկ անգամ արդեն առիթ եղել է հիշեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի՝ 2010թ. մարտին այս հարցով արած հետեւյալ պաշտոնական հայտարարությունը. «Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը» (Հայկական ժամանակ», 30.03.2010)։

iLur.am